Կոչ ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող քաղաքացիներին


Կոչ ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող քաղաքացիներին

  • 21-01-2020 16:29:07   | Հայաստան  |  Հասարակություն

Սիրելի հայրենակիցներ։ 
 
 
Այսօր՝ հունվարի 20-ին, Քարվաճառի շրջանի վարչակազմին եմ հանձնել պահանջագիր՝ Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ֊երի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնելու, արցախյան ՀԷԿ֊աշինության բնապահպանական և ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելիք լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողով ստեղծելու և այլնի վերաբերյալ։ 
 
Պահանջագրի պայմաններն ու ժամկետները չհարգելու դեպքում դիմելու եմ նախազգուշական հացադուլի, իսկ շրջանի բնական միջավայրի ոչնչացման հանցավոր ոտնձգությունների հարատևման դեպքում՝ անցնելու եմ նաև ջրադուլի։
 
Այս արտակարգ քայլին դիմելու պատճառն Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր ընդհանուր կացությունն է։ ՀՀ ներկայիս օրինավոր իշխանությունը, ելնելով Հայաստանի և իր իսկ շահերի տեսանկյունից հակարդյունաւէտ և խորապես անբարո մի շարք հաշվարկներից և անհիմն մտավախություններից, հրաժարվում է կատարել ՀՀ հիմնարար պետականաստեղծ ակտերից բխող ուղիղ պարտականությունները ՀՀ պետական տարածքի մեկ֊չորրորդի՝ Արցախի նկատմամբ։ Դրա հետևանքով Արցախում ոչ միայն ստեղծվել են առավելագույն նպաստավոր պայմաններ սպասվող տեղական ընտրություններում քրեական օլիգարխիայի լիակատար վերարտադրության համար, այլև սանձարձակ անպատժելիության գագաթնակետին են հասել Արցախի բնության դեմ կատարվող հանցագործությունները, մասնավորապես՝ անտառահատումների ծավալն ու տասնյակ փոքր ՀԷԿ֊երի շինարարությունը։ Առկա կացությունը հանդուրժելու դեպքում, երկու տարի անց Արցախի գետային ցանցի մեծագույն մասը բնական հուների փոխարեն հոսելու է անասնական ագահությամբ և բոլոր հնարավոր բնապահպանական կարգավորումների սանձարձակ ոտնահարմամբ կառուցված խողովակաշարերով։ Արցախը կանգնած է ծայրագույն համապարփակ բնական աղետի եզրին։ 
 
Սիրելի հայրենակիցներ, իմ քարվաճառյան տան հյուրասիրությունը վայելած հարյուրավոր բարեկամներ, բոլորդ, ում համար Արցախը Հայաստանի նվիրագույն մասն է, ամենքդ, ում համար հայրենի բնությունը սրբութիւն է, իսկ ազատագրված տարածքի վերաբնակեցումը և տնտեսական զարգացումը՝ կարևորագույն համապետական հրամայականներից է։ Իմ քայլը տկարության հուսահատ դրսևորում չէ։ Արցախում դեռ շատ քիչ բան է փոխվել և հանրային բողոքի դեպքում բնակչությունը համարյա անպաշտպան է օլիգարխիայի, ուժայինների և տեղի քրեական տարրերի հնարավոր վրէժխնդրության առջև։ Ուստի՝ ընտրել եմ պայքարի անհատական ուղի։ Ես ֆիզիկապես ընդունակ չեմ մոլեգնող ապօրինի շինարարությունները կանխելու նպատակով միայնակ շինտեխնիկայի ճանապարհը փակել։ Պետական իշխանության միջամտությանը դեռ նույնպէս հնարավոր չէ ապավինել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գիտակից անպատասխանատվութեամբ անտեսում է աղետի գոյությունը, խնդիրը համարելով իր իրավասությունից դուրս, իսկ Արցախում իշխող քրեական օլիգարխիան ինքն է այդ քստմնելի հանցագործություններն իրականացնողը։
 
Դիմում եմ ձեր ազգային և քաղաքացիական արժանապատվությանը։ Յուրաքանչյուրդ՝ պատշաճ դիտած չափով և եղանակով ստանձնեք պատասխանատվության ձեր բաժինը։ Արցախյան գետերը վերստին հոսելու են։ Արցախը Հայաստան է և մեկ միասնական Հայոց պետութեան անքակտելի նվիրագոյն եզերք։ Թող կյանքը, լույսը, պետական մտածողությունը, ազգային և քաղաքացիական արժանապատվությունն առանց անհարկի հապաղման հաղթանակեն խավարի, քրեական խաժամուժի և սրբապիղծ բնավերության վրա։
 
Ալեքսանդր Քանանյան
ք․ Քարվաճառ, 2020 թ․ հունվարի 20։
 
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
 
ՔԱՐՎԱՃԱՌԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՓՈՔՐ ՀԷԿ֊ԱՇԻՆՈՒԹԵԱՆ
ԱՆՎԵՐԱՊԱՀ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
 
Ելնելով քրէաւրէն հետապնդելի կոռուպցիոն գործարքների շրջանակում Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ֊երի անվերահսկելի շինարարութեան հետեւանքով ստեղծուած համապարփակ բնական աղէտը կանխելու ազգային հրամայականից,
 
Պահանջում եմ․
 
Ա․ Սոյն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին յանձնելու պահից 24 ժամուայ ընթացքում (2020 թ․ յունուարի 21֊ի ժամը 12.00-ին) լիովին դադարեցնել Տրտու (Թարթառ) գետի վերին աւազանում ընթացող առանց բացառութեան բոլոր ՀԷԿ֊աշինական աշխատանքները,
 
Բ․ Սոյն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին յանձնելու պահից 48 ժամուայ ընթացքում (2020 թ․ յունուարի 22֊ի ժամը 12.00-ին) ՀԷԿ֊աշինական տարածքներից ամբողջովին դուրս բերել ողջ շինտեխնիկական շարժակազմը եւ կենտրոնացնել այն հանրային եւ ոստիկանական վերահսկողութեան համար յարմար վայրում,
 
Գ․ Սոյն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին յանձնելու պահից մեկ շաբաթուայ ընթացքում (2020 թ․ յունուարի 27֊ի ժամը 12.00-ին) Արցախի կառավարութեանը յանձնարարել հանդէս գալ յատուկ պաշտաւնական յայտարարութեամբ՝ Քարվաճառի շրջանում այսուհետ որեւէ նոր փոքր ՀԷԿ կառուցելու մտադրութիւնից իսպառ եւ հիմնաւորապէս հրաժարուելու վերաբերեալ։
 
Վերոնշեալ պահանջների ամբողջական եւ անվերապահ կատարումից յետոյ, ողջամիտ ժամկէտներում, պետական եւ հասարակական կազմակերպութիւնների, բնապահպանական եւ ֆինանսական ոլորտների արհեստավարժ փորձագէտների լայն ներկայացուցչական ներգրաւմամբ պէտք է ձեւաւորուի արցախեան ՀԷԿ֊աշինութեան ընթացքում բնապահպանական եւ ֆինանսական բնոյթի յանցագործութիւնները քննելուն ունակ յատուկ յանձնաժողով։ Այդ յանձնաժողովը լիակատար թափանցիկութեամբ պէտք է ուսումնասիրի Արցախում Բակո Սահակեանի եւ Արայիկ Յարութիւնեանի համատեղ կառավարման տարիներին կառուցուած իւրաքանչիւր ՀԷԿ-ի համապատասխանութիւնը գործող բնապահպանական կարգաւորումներին։
 
Յիշեալ յանձնաժողովի աշխատանքի արդիւնքների հրապարակումից յետոյ․
 
Ա․ 2019 թ․ վերջի դրութեամբ գործող ՀԷԿ֊երը պէտք է հնարաւորինս բերուեն առկայ բնապահպանական կարգաւորումների համապատասխանութեան դաշտ։ Դրանց գործունէութիւնը պէտք է գտնուի անկախ մշտադիտարկող խմբի խիստ վերահսկողութեան ներքոյ,
 
Բ․ 2019 թ․ վերջի դրութեամբ կառուցուող եւ գործել չսկսած ՀԷԿ֊երի շինարարական աշխատանքները սառեցուում են։ Դրանց արտոնագրերի տրամադրման, բնապահպանական կարգաւորումներին նուազագոյն հանհամապատասխանութեան յայտնաբերման կամ վերոնշեալ յանձնաժողովի բացասական եզրակացութեան դէպքում յիշեալ կիսակառոյց ՀԷԿ֊երը ենթակայ են անվերապահ ապամոնտաժման։
 
Պահանջագրի պայմաններն ու ժամկէտները չյարգելու դէպքում դիմելու եմ նախազգուշական հացադուլի, իսկ շրջանի բնական միջավայրի ոչնչացման յանցաւոր ոտնձգութիւնների յարատեւման դէպքում՝ անցնելու եմ նաեւ ջրադուլի։
 
Ալեքսանդր Քանանեան
ք․ Քարվաճառ, 2020 թ․ յունուարի 20։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն