Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը բացարձակապես հարգանք չունի դատավարության մյուս կողմի նկատմամբ. Սեդա Սաֆարյան


Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը բացարձակապես հարգանք չունի դատավարության մյուս կողմի նկատմամբ. Սեդա Սաֆարյան

  • 21-01-2020 18:09:32   | Հայաստան  |  Հասարակություն

Ամեն ինչ արվում է, որպեսզի Քոչարյանին հատվածաբար օգնեն և վերջում հայտնվեն մի իրավիճակում, որ այդ դատական հատվածաբար ներկայացված միջնորդությունները ամբողջական դարձնեն իրենց կողմից առաջ քաշված բոլոր այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանը 301 հոդվածի սուբյեկտ չէ: 
 
Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում նշել է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: 
 
Ըստ նրա՝ Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ամեն ինչ անում են, որպեսզի բուն դատական նիստը չսկսվի: 
 
«Բազմաթիվ անգամ ասել եմ, որ իրենց հարմար չէ այս գործով ապացույցների հրապարակումը, և երևի նկատել եք, որ երբ անցնում ենք բուն փաստերի շարադրանքին, հատկապես երկու փաստաբան մշտապես կանգնում են և առարկում դրանց դեմ, որ դեռևս ապացույցների հետազոտում չկա, հետևաբար փաստերին պետք չէ վկայակոչումներ անել»,- նկատեց Ս. Սաֆարյանը:
 
Նրա խոսքերով՝ նման իրավիճակը հավերժ չի կարող ձգվել, սակայն ամեն անգամ Ռ. Քոչարյանի պաշտպանները տուժողներին դնում են նյարդային վիճակի մեջ, ամեն ինչ անում են բախումների գնալու և այդ բախումներն օգտագործելու, թե իրենք ընդդիմադիր են, քաղբանտարկյալի պաշտպաններ են, ըստ այդմ ճնշումների են ենթարկվում: 
 
Փաստաբանի կարծիքով՝ նման գործելաոճը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Քոչարյանի պաշտպանները դեռևս հույս ունեն, թե Սահմանադրական դատարանն իրենց օգտին էլի ինչ-որ բան կանի կամ երկրում քաղաքական իրավիճակը կփոխվի: 
 
«Իմ կարծիքն այն է, որ այսօր պաշտպանական թևն այս ձախողումներին գնաց համաձայնեցված նաև նույն Խաչատուրովի պաշտպանի հետ, որովհետև այսպես ասեմ՝ նախ եթե սպառնալիքի հատկանիշ լիներ, իրենք վաղուց քրեական գործով հաղորդում տված կլինեին: Եթե հաղորդում չեն տվել, ընտրել են այս ճանապարհը, որ մի նիստի կարող է գալ Միհրան Պողոսյանը, մյուս նիստին կարող են չգալ մյուս պաշտպանները, և հետո հակառակը»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը՝ շեշտելով. «Դա նշանակում է, որ բոլորն ընդհանուր շահ են պաշտպանում՝ խաթարելով դատարանի բնականոն աշխատանքը»:  
 
Նրա փոխանցմամբ՝ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը բացարձակապես հարգանք չունի դատավարության մյուս կողմի նկատմամբ: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն