Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

  • 22-01-2020 13:00:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունվարի 21-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում անցկացրեց Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը և ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:  
 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և երկխոսության այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ երիտասարդ մասնագետների առավել լայն ներգրավվածություն: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորեց Հայաստանի կրթական կյանքում Ամերիկյան Համալսարանի դերը՝ որպես բազմաոլորտ մասնագետների պատրաստաման դարբնոց: 
 
Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ ԱԳ նախարարը նշեց, որ այն մեծ պատասխանատավություն, նվիրվածություն, միևնույն ժամանակ ստեղծագործ մոտեցում պահանջող աշխատանք է:
 
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձավ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ու մոտեցումներին:
 
Հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և դեկան Բրայան Էլիսոնը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագիրը, որի նպատակն է Նախարարության գործունեության բնագավառին առնչվող ծրագրերի շրջանակներում հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն