«Դուխի» ու «քյալլագյոզության» արանքում․ կայացած պետության ճանապարհը

22-01-2020 15:25:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ցավալի լուրը և դրան հաջորդած իրադարձություններն ու վարքի դրսևորումները նորից քննարկման դաշտ բերեցին իրավապահ համակարգի և ընդհանրապես պետության վստահելիության խնդիրը։
 


Կուտոյանի մահը 2018թ.-ի ոչ բռնի փոփոխություններից հետո տեղի ունեցած քաղաքական նշանակություն ունեցող առաջին մահը չէ։ Թեև, ըստ պաշտոնական, վարկածի դրանք դժբախտ պատահարներ կամ ինքնասպանություններ են, սակայն հանրային քննարկումներում այդ վարկածը կարծես թե լայնորեն չի համոզում մարդկանց։ Ուստի, ամեն անգամ հարց է ծագում` արդյոք մենք ունենք կայացած պետություն, որն ունակ է պաշտպանել սեփական քաղաքացիներին, ազգային անվտանգությունը և պետական շահերը։ Ավելի պարզ ձևակերպենք․ մենք ունե՞նք պետություն, որի խոսքին և գործին կարելի է վստահել։
 
2018թ.-ին տեղի ունեցած քաղաքական տրանսֆորմացիան իր հետ ակնկալիքների մի ամբողջ ծաղկեփունջ էր բերել։ Ակնհայտ է, որ դրանց մեծագույն մասն օբյեկտիվորեն իրականանալ չէր կարող (օրինակ, որ պետությունը կմարի բոլորի վարկերը, առանց դատ-դատաստանի կբանտարկի նախորդ տարիների անարդարությունների քաղաքական պատասխանատուներին և այլն)։ Բայց ակնկալիքների մի էական շերտ առավել քան լեգիտիմ էր, մանավանդ, որ համաշխարհային քաղաքական պատմությունն ապացուցել էր դրանց անհրաժեշտությունն ու լինելիությունը։ Այստեղ չնշելով դրանց սպառիչ ցանկը՝ միայն կառանձնացնեմ համակարգային ռեֆորմների ակնկալիքը ընդհանրապես և իրավապահ համակարգի ռեֆորմներինը՝ մասնավորապես։ Այդպիսի ռեֆորմներ չեղան և, հետևաբար, Հայաստանի հանրային կյանքով հետաքրքրված շրջանակների համար առաջնահերթություն է դառնում կանխատեսել հնարավոր զարգացումները այս պայմանների անփոփոխ մնալու պարագայում։
Բայց մինչև ապագային անցնելը փորձենք համառոտ վերականգնել, թե իրավապահ համակարգին առնչվող ի՞նչ նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան 2018թ.-ի մայիսի 8-ից մինչև 2020թ. հունվարի 17-ը։
 
2018թ.-ի մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը նշանակման է ներկայացնում Ոստիկանության և ԱԱԾ պետերի թեկնածուներին՝ Վալերի Օսիպյանին և Արթուր Վանեցյանին։
 
Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են սկսվում, մասնավորապես, Օսիպյանի՝ նախկինում խաղաղ հավաքների նկատմամբ կիրառված ոտնձգությունների համատեքստում նշանակման անթույլատրելի լինելու վերաբերյալ (ի դեպ, հետաքրքրական է, որ այդ ժամանակ վարչապետի որոշումները կասկածի տակ դնելու համար ֆեյսբուքյան հայհոյախառն գրոհներ դեռ չկային, թեև էյֆորիայի աստիճանն առավել բարձր էր)։
 
2018թ.-ի մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի միջոցով անդրադառնում է թեմային և Օսիպյանի նշանակումը հիմնավորում «սիրո և համերաշխության» համատեքստում, գնահատում է այդ նշանակումը որպես հաշտեցման խորհրդանիշ և ընդգծում, որ նրա նշանակման առանցքային գործոնը եղել է չկոռումպացվածությունը։
2018թ.-ի հուլիսին Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարները հայտարարում են, որ իրենց համակարգերում արդեն կոռուպցիա չկա։ Հայաստանում կոռուպցիայի արմատախիլ արված լինելու մասին հայտարարում է նաև ինքը՝ Փաշինյանը։
Սրան զուգահեռ հրապարակումներ են լինում այն մասին, որ Վանեցյանի ընտանիքը ներգավված է բիզնեսում, նրա մտերիմների՝ այս կամ այն պաշտոնում (հատկապես ՊԵԿ-ում) նշանակվելու և ուշագրավ պատմությունների մեջ ներգրավված լինելու մասին լուրերը դառնում են պարբերական։
 
2018թ.-ի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որը մինչև այժմ պաշտոնապես հայտնի չէ, թե ով է իրականացրել։ Այդ ձայնագրությունը, չնայած վարչապետի գլխավորությամբ մանևրելու փորձերին, վկայում էր այն մասին, որ առնվազն մեկ դատավորի հետ առնվազն մեկ քրեական գործով ԱԱԾ-ն բանակցել է՝ երկկողմանիորեն խախտելով դատական համակարգի անկախության կարևոր երաշխիք հանդիսացող «խորհրդակցական սենյակի գաղտնիության» սկզբունքը․ հայերեն ասած՝ ճնշում է գործադրել։
 
2018թ.-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին համառ լուրեր էին շրջանառվում, որ Արթուր Վանեցյանը, այդ թվում քրեական հեղինակությունների ռեսուրսներով, ներգրավված է ընտրական գործընթացում ձայներ հավաքելով։ Այս մասին տեղեկությունները հաստատել է նաև այդ ժամանակ ՊՎԾ պետ, ԱԺ պատգամավորության թեկնածու Դավիթ Սանասարյանը։
2019թ.-ի հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Արթուր Վանեցյանին և Վալերիյ Օսիպյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում (համարժեք կոչումներ են շնորհվում նաև ՔԿ, ՀՔԾ և գլխավոր դատախազության ղեկավարներին)։
 
2019թ.-ի սեպտեմբերի 15-ին և 17-ին պաշտոնից ազատման դիմում են ներկայացնում համապատասխանաբար Արթուր Վանեցյանը և Վալերիյ Օսիպյանը՝ բացի աղմկահարույց ձերբակալություններից ըստ էության որևէ էական համակարգային փոփոխություն չարձանագրելով պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում (չհաշված ՃԵԿ բալային համակարգը և էլի մի քանի մանր փոփոխություն)։
 
Նրանց փոխարեն նշանակվում են նորից «կադրային» սպաներ, որպես ժամանակավոր պաշտոնակատար։
 
Նույն օրերին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունում է Ոստիկանությունում և ԱԱԾ-ում «դրսից մարդ» նշանակելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը, իսկ դեկտեմբերի 4-ին, հետքայլ անելով, մերժում այդ նույն նախագիծը՝ այդպիսով համակարգերը օրենքի ուժով պահելով «կադրայինների» մոնոպոլիայի տակ։
 
2019թ.-ի դեկտեմբերի 12-ին Փաշինյանը հայտարարում է, որ ողջ պետական համակարգը, այդ թվում՝ իրավապահ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, իսկ դեկտեմբերի 19-ին արդեն ԱԱԾ-ում հայտարարում է, որ ԱԱԾ-ն երբեք չի անցել կարմիր գծերը, և ինքը վստահում է ԱԱԾ-ին։
 
Վերը նշված կետերում իր գործողություններով կամ անգործությամբ Նիկոլ Փաշինյանը մի շարք սկզբունքորեն անընդունելի համոզմունքների առիթ է տվել։
 
Նախկին համակարգի օրոք քաղաքացիների իրավունքները ոտնահարած պաշտոնյաների համար պետական ապարատում բաց են ոչ միայն աշխատելու, այլև առաջխաղացման դռները (Օսիպյանը միակ դեպքը չէ, կարելի է շատ երկար շարունակել շղթան՝ Հունան Պողոսյանից մինչև Բաբկեն Ղազարյան տարբեր մանր ու միջին չինովնիկներ)։
 
Բիզնեսի հետ փոխկապակցվածությունը և մերձավորների նշանակումները կարող են անտեսվել ինչ-ինչ դեպքերում (Վանեցյանը ևս միակը չէ, ի վերջո կան Գագիկ Ծառուկյանի, ՀՔԾ աշխատակազմի գլխավոր քարտուղարի և շատ ուրիշ գործող պաշտոնյաների դեպքերը)։
 
Ի հեճուկս բոլոր տեղեկությունների և քաղաքացիների հետ պարբերաբար պատահող դեպքերի՝ կարելի է մերժել իրականությունը և հայտարարել, որ «կոռուպցիա չկա»։
 
«Օրենքը մեզ դա թույլ չի տալիս, իսկ մենք օրենք չենք խախտի» թեզը քարոզչական բնույթ է կրում, քանզի առնվազն մեկ գործով առնվազն մեկ դատավորի հետ ԱԱԾ ղեկավարի «կոնսուլտացիաները» խոսում են հակառակի մասին։
 
ԱԱԾ ղեկավարը կարող էր միջամտել նախընտրական քարոզչությանը կառավարող ուժի օգտին։
 
«ԱԱԾ-ն կարմիր գծեր չի անցել, ես վստահում եմ ԱԱԾ-ին» հայտարարությունը քաղաքական իմաստով կարելի է ընկալել գնահատական և վերջակետ խորքային ռեֆորմների սպասումների համար։
 
Բացի ԱԱԾ-ից և Ոստիկանությունից, որոնք առավելապես օպերատիվ-հետախուզական գործառույթների համար են պատասխանատու, բավականին ուշագրավ են նաև քննչական մարմինների (Քննչական կոմիտե, ՀՔԾ) վերջին երկու տարվա գործունեության երանգները, հատկապես, որ այս երկու մարմինները, ի տարբերություն նախորդ երկուսի, վարչապետի ենթակայության տակ չեն և բնույթով որոշակիորեն ինքնավար են։ Եթե հեռու չգնանք, կարելի է հիշել Քննչական կոմիտեի ոդիսականը Ամուլսարի քրեական գործի շրջանակներում։ Դա խայտառակ մի պատմություն էր, թե ինչպես
էր ի սկզբանե ըստ էության վարչապետի ցուցումով հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեն ոչ լեգիտիմ քննչական կազմով վարել Հայաստանի այդ շրջանի ամենակարևոր քրեական գործերից մեկը, ինչպես էր փորձում 3 մլն մարդու համոզել, որ մածունը իրականում սև է, ինչպես էր վարչապետն այդ փաստարկների հիման վրա անում հայտարարություններ, որոնք մինչև հիմա կառավարությունում չգիտեն՝ կմարսեն, թե չէ «Լիդիանի» հետ հավանական
վեճի պայմաններում։ Բայց արի ու տես, որ և՛ քննիչն է մնացել իր տեղում, և՛ քննչականի պետը, և՛ համակարգն է, ըստ էության, նույն ոգով գործում։ Մյուս ոչ վաղ անցյալի դեպքը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մեր կողմից ներկայացված հաղորդման գործով ՀՔԾ դրսևորած ջայլամի քաղաքականությունն էր, որով, ըստ էության, նրանք ամեն ինչ արեցին հիմնավորելու, որ չի կարելի ոչ մի բան ստուգել և պետք է անվերապահ վստահել Գագիկ Ծառուկյանի խոսքերին (դատախազությունը ևս այդ կարծիքին է)։ Սա ևս որևէ կերպ չի կարելի ընկալել, քան քաղաքական որոշում, որովհետև բոլորս հրաշալի գիտենք, թե ինչով է զբաղված Գագիկ Ծառուկյանը, բոլորս հրաշալի գիտենք, թե ինչեր էր հայտարարում վարչապետը բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին, և բոլորս հրաշալի գիտենք, թե ինչպես օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը միահամուռ արեցին ամեն բան, որ ոչ մի բան հանկարծ տեղից չշարժվի։  
 
Իրականության և հայտարարությունների միջև այս խորքային խզումները, բնականաբար, մի օր հանգեցնելու էին վստահության թեկուզ լուռ սասանման։ Գեորգի Կուտոյանի մահվանը հաջորդած համընդհանուր անվստահությունը պետության խոսքի նկատմամբ ընդամենը մի դեպք է, որովհետև խոշոր հաշվով դրանից առաջ նույն կերպ ծիծաղատեղ դարձան Ամուլսարի հարցով, նույն կերպ բոլորի համար պարզ էր՝ ինչ է կատարվում Ծառուկյանի հարցով, նույն կերպ խորը կասկածներ կային Սանասարյանի գործով։ Եվ սա պետք է նախազգուշական կարմիր լույս վառի կառավարական թիվ մեկ աշխատասենյակում։
 
Այժմ քաղաքական ղեկավարությունն աննախանձելի վիճակում է և դրա համար, եթե նույնիսկ մտածված չեն ընտրել լռելու մարտավարությունը, ապա այն այս պահին իրենց համար միակ ողջամիտ մարտավարությունն է, որովհետև որևէ այլ բան մարդկանց չի համոզում։ Իսկ եթե չլռեն, ի՞նչ ասեն․ ասեն «այո՛, ժողովուրդ ջան, ՀՀ ԱԱԾ տնօրեն աշխատած մարդը 20 օրվա մեջ երկու անգամ իր բնակարանում հրաձգություն է կազմակերպել, բայց մեր օպերատիվ ծառայությունները չեն իմացել, ու հիմա մեր բանից բեխաբար իրավապահ համակարգը ազնիվ սպայական խոսք է ասում՝ սա պարզապես ինքնասպանություն է»: Ինչ-որ մեկը կհավատա՞, որ ԱԱԾ-ն իր նախկին ղեկավարին, նախկին կառավարության ամենաազդեցիկ մարդկանցից մեկին, ի վերջո Սերժ Սարգսյանի մտերիմին ու Հրայր Թովմասյանի զբոսանքի ընկերոջն այն կարգի է աչքաթող արել, այն կարգի չի հետևել ու հարցուփորձ չի եղել, որ չի իմացել 20 օր առաջ հնչած կրակոցների մասին... կամ եթե նույնիսկ հավատան, էդպիսի էշի ականջում քնած իրավապահ համակարգի կատարած քննությանը վստահելու պահանջ ներկայացնելու բարոյական իրավունք ունի՞ որևէ մեկը։
 
Կամ թե՝ հո չե՞ն ասելու «նախկին ռեժիմի կատարած սպանություն է»։ Դա կարող էին ասել, եթե ճակատագրի հեգնանքով կառավարող ուժ չլինեին, այլ արմատական ընդդիմություն։ Ավելին, ծուռ նստենք՝ դուզ խոսենք․ հենց այդպես էլ ասելու էին։ Բայց կառավարող ուժ լինելն իր էական մինուսներն ունի խոսքերի համար հաշիվ տալու սովորություն չունեցողի տեսանկյունից՝ ուզես-չուզես, ստիպված ես լինում հաշիվ տալ խոսքերիդ համար։ Ասել, որ սա նախկինների ձեռքի գործն է՝ կնշանակի առնվազն մի որոշ ժամանակով սեփական հաշվեկշռին ունենալ չբացահայտված քաղաքական սպանության խարանը, իսկ եթե ընդհանրապես չբացահայտվի, մեղադրվել կոծկելու մեջ։ Այնպես որ, «բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ», ասել կուզեմ՝ ինչ մարտավարություն էլ ընտրեն խոսելուց առաջ, մեկ է՝ վերջում հանգելու են նույն հարցին՝ «բա լավ, որ ամեն ինչ էդքան վատ է, ինչի՞ չեք իրավապահ համակարգի ռեֆորմ անում»։ Եվ այս հարցի որևէ պատասխան չի կարող գոհացուցիչ լինել, բացառությամբ մեկից՝ այսօրվանից կսկսենք։ Իսկ այդ պատասխանը չի հնչի, կամ եթե հնչի, միայն քարոզչական նպատակներով կհնչի, որովհետև Փաշինյանն էությամբ ռեֆորմատոր չէ։ Նա գուցե սիրում է փոփոխություններ, սիրում է լինել շարժման մեջ, բայց նա ռեֆորմատոր չէ։ Նա չի սիրում նախագծման փուլը, ձուկը ջրում բազար անելը, ատում է ռիսկերի և համակարգված գործելու մասին որևէ խոսակցություն։ Նա գործում է հախուռն՝ մեր սիրելի ոճի մեջ, որն այդքան համակրում էինք ապրիլյան հեղափոխության օրերին․ պարզապես մի պահ շուռ է գալիս, տեսնում ով կա կողքին, անունը գոռում ու վազում առաջ։ Եվ ճիշտ այդպես էլ կառավարության նիստում․ ՀԴՄ կտրոն չեն տպու՞մ, ո՞վ կա սարսափազդու՝ Վանեցյանն ու Օսիպյանը, ուրեմն թող զբաղվեն․․․ Նա պլանավորում չի սիրում, բայց նաև հասկանում է կամ զգում, որ առանց պլանավորման ինչին ասես կարելի է կպնել, բացի իրավապահ համակարգից։ Հետևաբար, այդ համակարգերին պարզապես չի դիպչում։ 
 
Անցնող մոտ երկու տարին էությամբ ռեֆորմատորի համար բավարար կլիներ գոնե սկզբնակետը ու ճանապարհը գծագրելու համար։ Հետսովետական բոլոր երկրները, որոնք ունեցել են մեր համակարգի արատների հետ ընդհանուր գծեր, նույնիսկ շատ ավելի վատ համակարգեր, երկու տարում հասցրել են ինչ-որ բան փոխել, թեկուզ միայն «ստուգարքի օրը» պատրաստ ներկայանալու համար, գոնե ձևական մի գումարտակ, մի ծառայություն, մի բան հասցրել են փոխել։ Վրաստանի պարծանքը դարձած, անկաշառի համբավով պարեկային ծառայությունը ստեղծվեց հեղափոխությունից յոթ ամիս հետո, մի տարի հետո արդեն ոստիկաններին կրթում էին նոր կրթական համակարգով։ «Դուխի» ու «քյալլագյոզության» տարբերությունն արդյունքի մեջ է՝ դուխովը պատրաստ է կորցնել ունեցածը հանուն այն ավելիի, որ կանխատեսում է ստանալ ռիսկի դիմելիս, իսկ քյալլագյոզը պարզապես պատրաստ է ամեն ինչ կորցնել, առանց որևէ ակնկալիքի։ Դուխովի համար կարևորը նպատակն է, քյալլագյոզի համար՝ «դվիժենին»։ Ի վերջո, Դուխովը առանց միջազգային փորձի, թեկուզ էքսպերիմենտներով դատական ռեֆորմ է անում, քյալլագյոզը շրջափակում դատարանները։
 
Ինձ հաճախ են հարցնում՝ «բա որ տեսնում եք չի կարողանում, ինչի՞ չեք օգնում էդ մարդուն»։ Ուզում եմ մեկընդմիշտ և հրապարակային պատասխանել այդ հարցին․ Նիկոլ Փաշինյանը չունի մեր օգնության կարիքը, որովհետև մենք ընդհանրապես տարբեր բաներով ենք զբաղված, մենք տարբեր տեղեր ենք գնում, տարբեր ճանապարհներով: Նիկոլ Փաշինյանը փորձում է հեծնել այն ձին, որը մենք ուզում ենք բուժել։ Մենք համոզված ենք, որ հիվանդ ձին, ի վերջո, կտապալվի ու կտապալի հեծյալին, իսկ նա համոզված է, որ կարևորը այսօրվա ճանապարհը ձիով անցնելն է։ Հետևաբար, մեր կողմից կոռեկտ չէ նրան օգնել իր անհեռանկարային գործում, իսկ իրեն պետք չէ ձիուն բուժող։
 
Եվ, ուստի, որքան էլ տարօրինակ լինի, Նիկոլ Փաշինյանին օգնել կարող է միայն մեկ հոգի, ու դա հենց ինքը՝ Փաշինյանն է։ Շուտով մոտենում է կառավարման երկրորդ տարին, գրեթե ժամկետի կեսը, դա կամ դրան մոտալուտ ժամանակը հարմար առիթ է վերջապես գնահատականներ տալու սեփական կառավարման առաջին շրջանին, անելու սխալների ուղղումներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ կադրային և կազմակերպչական։ Կադրային սխալների մասին հիմա շատ չեմ խոսի, որովհետև բացարձակ անգրագետներին և անբաններին եթե չհաշվենք, մնացածի հարցում խիստ ոչ միանշանակ է լավն ու վատը, և կախված է նրանից, թե այդ ոլորտում ինչ ես ուզում անել: Օրինակ, եթե քաղաքական մոտեցում ունես, որ հիվանդանոցային ծառայությունների ոլորտը պետք է մասնավորինը լինի, լավն է այն նախարարը, որն ավելի թանկով ու ավելի շատ պետական հիվանդանոցներ կվաճառի, իսկ եթե նախատեսում ես պետական ազդեցիկ ներկայություն, լավն է այն նախարարը, որը պետական ծառայության որակը կհասցնի մասնավորին, կբացառի կոռուպցիան, կազդի շուկայի տենդենցների վրա։
 
Ի՞նչ ես դու ուզում՝ այ սա է գլխավոր հարցը, որին հոդաբաշխ պատասխան չի տալիս կառավարությունը արդեն երկու տարի։ Անհնար է ուզել, որ առողջապահությունը ձրի լինի, հարկերը ցածր, ստվերն ու կոռուպցիան քիչ, բայց պետությունը ամեն ինչ վերահսկի ու լիցենզավորի ու ստուգի ու վերստուգի ու սերտիֆիկացնի ու ...։ Ուստի, երկու տարվա փորձառության դիրքերից հիմա պետք է կանգ առնել ու տալ այդ հարցի պատասխանը քաղաքական մակարդակում, պետք է սինխրոնացնել կառավարող թիմը և պետական համակարգը, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ ես ուզում դու ու բոլորը գնան նույն ուղղությամբ։
 
Հաջորդ հարցը այդ քաղաքական ցանկությունների և փոփոխությունների ժողովածուն ռազմավարությունների վերածելն է, հետևյալ հարցը՝ ինչպե՞ս ես դրան հասնելու, որին կառավարության համակարգն անընդունակ է շատ պարզ պատճառով․ նախարարները և փոխնախարարները ռազմավարություն գրող չեն (որոշ բացառություններով), որովհետև դրանք փորձագիտական պաշտոններ չեն, այլ քաղաքական, և այդ պաշտոնում հայտնված մարդը ամենինչագետ չի, իսկ առավել ցածր օղակի պաշտոնյաները, որոնք, ըստ էության, փորձագետ են կամ պետք է լինեին, այդպիսի ռազմավարություն չեն կարող գրել մի շարք պատճառներով՝ սկսած մասնագիտական որակներից, վարձատրության չափից, ինքն իրեն փոփոխելու մոտիվացիայի բացակայությունից, վերջացրած նրանով, որ այդ մարդկանց չեն հավաքում նույն սենյակում ու չեն հանձնարարում մտածել նույն բանի՝ ռազմավարության մասին և չզբաղվել ոչ մի այլ բանով։ Ռեֆորմները պետք է նախագծեն համակարգին ծանոթ մարդիկ, ովքեր ժամանակավորապես կկտրվեն համակարգից, կստանան արժանի վարձատրություն ու կզբաղվեն միայն դրանով։
 
Երրորդ հարցն այդ փոփոխությունների իրականացումն է կամ, այլ կերպ ասած, «ո՞ւմ հետ» հարցը։ Այն պահին, երբ կլինեն քաղաքական ցանկությունները և դրանց հասնելու ռազմավարությունները, պետք են կադեր, որոնք հավատում են այդ նպատակին և այդ ճանապարհին։ Չի կարելի նախարար կամ փոխնախարար նշանակել մարդուն միայն լավ մասնագետ լինելու համար, չի կարելի նախարար կամ փոխնախարար նշանակել ինչ-որ մեկի երաշխավորության հիմքով։ Պետք չէ նշանակել, իսկ նշանակվածներին պետք է ազատել, եթե նրանք համաձայն չեն «ի՞նչ ես ուզում», «ինչպե՞ս ես դրան հասնելու» հարցերի պատասխանների հետ (ի դեպ, հիմա կառավարությունում կան երկու «լավ պաշտոնյայի» համբավ ունեցող մարդիկ, որոնցից մեկը ամեն ինչ անում է, որ մյուսի ծրագրերը չիրականան, որովհետև «ի՞նչ ես ուզում» հարցի պատասխանը նույնիսկ հստակ չի տրվել)։
 
Սա է կայացած պետություն ունենալու ճանապարհը, որի խոսքը կշիռ ունի, որի գեներալները մի ամիս հետո չեն հեռանում հեղաշրջման քաղաքական մեղադրանքի տակ, որի համար պատվի հարց հանդիսացող քրեական գործով քննիչի ու հավանական կասկածյալի միջև ազգակցական կապը չի պարզվում 400.000 դոլարանոց փորձաքննություն պատվիրելուց հետո՝ մի քանի հազար դոլար բյուջե ունեցող լրատվամիջոցի հետաքննությամբ, որի դեպուտատներն ու փոխվարչապետերը արբիտրաժի նախաշեմին չեն անում հավանական հակառակորդի իրավական բազան ուժեղացնող հայտարարություններ, որի ԱԱԾ նախկին պետը 40 կրակոցով երկու դրվագով բոլորից գաղտնի ինքնասպան չի լինում, իսկ քննչական մարմինները ծիծաղելի իրավիճակում չեն հայտնվում։
 
Կգնա՞, արդյոք, Փաշինյանը կայացած պետություն ունենալու ճանապարհով՝ ժամանակի քննության խնդիր է, թեև ես խիստ թերահավատ եմ այդ հարցում։ Ուրեմն, գալով ի սկզբանե դրված խնդրին՝ կանխատեսել հնարավոր զարգացումները ռեֆորմների բացակայության պայմաններում, ես տեսնում եմ հետևյալը․
 
ժամանակը և իրադարձությունները հին և չպարզված հարցերին (որոնք վերաբերում են 1991-2018թթ․ ընկած ժամանակահատվածին) հետզհետե կավելացնեն նոր հարցեր՝ ինչպիսին Կուտոյանի առեղծվածային մահն ու իրավապահ համակարգի բազմավեկտոր ձախողումներն են, հայտնի մեղադրյալների փախուստները, կյանքի որակի թռիչքային բարձրացման չիրականացման պատճառները․․․։ Այդ հարցերին պատասխան տալու անկարողությունը և իրավիճակի նկատմամբ լիարժեք վերահսկողության բացակայությունը մի կողմից, հախուռն ու անկանխատեսելի գործունեությունը, փոփոխությունների ուղղությամբ ստրատեգիական առաջխաղացման բացակայությունը մյուս կողմից Փաշինյանին աստիճանաբար կզրկեն հանրային հատվածի աջակցությունից մի քանի տարվա ընթացքում: Սկզբում առավել տեղեկացված և վերլուծական մտածողությամբ օժտված շրջանակների աջակցությունը դանդաղ կպակասի, իսկ հետո ազատ անկման արագացմամբ կփոշիանա կուրորեն վստահողների աջակցությունը, և դա միանգամայն օրինաչափ է՝ հեղափոխական բոլոր շարժումների  առաջնորդներն, ի վերջո, վերընտրվելու լրջագույն խնդիրներ են ունենում (մեկը՝ արած ռեֆորմների պատճառով, մյուսը՝ ոչինչ չանելու)։
 
Առանց հանրային հատվածի պողպատյա աջակցության Փաշինյանն իրեն գցելու է իր երկրորդ, արդեն ինստիտուցիոնալ հենարանի՝ պետական համակարգի գիրկը, որտեղ ակնհայտորեն բարյացակամորեն չեն տրամադրված նրա հանդեպ ոչ միայն կադրայինները, այլև իր քաղաքական թիմի մի ստվար հատված։ Նման պայմաններում ճգնաժամն անխուսափելի կլինի։ Ո՞վ, եթե ոչ խորհրդարանը պետք է կարողանա հաղթահարել այդպիսի ճգնաժամը խորհրդարանական երկրում, որտեղ տեսականորեն ենթադրվում է, որ վարչապետը խորհրդարանի նշանակած մենեջերն է, եթե լավը չի՝ կարելի է փոխել։ Բայց ի՞նչ անել, եթե իրականում հենց վարչապետն է հավաքել խորհրդարանը։ Արդյոք կարո՞ղ է այդպիսի խորհրդարանը հաղթահարել նման քաղաքական ճգնաժամը։ Առավել հավանական է, որ ոչ։ Հետևաբար, ընտրությունը պարզ է․ կամ կարվեն ռեֆորմներ, կամ կլինեն ծանր քաղաքական ճգնաժամեր, որոնք, ի վերջո, պետք է հանգուցալուծվեն ռեֆորմներով։ Ուստի, ի՞նչ պետք է անեն Հայաստանի կայացած պետություն լինելու հեռանկարով հետաքրքրված սուբյեկտները։ Կարծում եմ, որ պետք է դադարեն օգնել Նիկոլ Փաշինյանին հիվանդ ձիուն հեծնելու իր գործում,
պետք է ցուցաբերեն զրո աջակցություն և զրո կարեկցանք ձախողումներին, ի վերջո ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու և չպաշտպանելու, դիցուք, անհաջողակ նախարարին միայն այն պատճառով, որ հակառակ կողմում նախկիններն են, որովհետև այլևս հակառակ կողմում մենք ենք և մեր ապագան, որը հետևողականորեն քամուն են տալիս անհաջողակները,
պետք է իրենք իրենց համար պատասխանեն երեք կարևոր հարցի՝ «ու՞ր եմ գնում, ի՞նչ ճանապարհով եմ հասնելու, ու՞մ հետ» և խնդիրներին, մարդկանց, ուժերին վերաբերվեն բացառապես ըստ այդմ,
պետք է պատրաստ լինեն հնարավոր քաղաքական ցանկացած ճգնաժամի, քանզի դա զուտ ժամանակի հարց է,
և պետք է պատրաստ լինեն ռեֆորմների, որոնք անխուսափելիորեն լինելու են ճգնաժամից առաջ կամ հետո:
Հետգրություն վերջաբանի փոխարեն․ես գիտեմ, որ սովորականի նման այս հոդվածին ևս կհաջորդի հայհոյանքների տարափը հեղափոխության մոլեռանդ աջակիցների կողմից։ Ուզում եմ ասել, որ այդ մարդիկ հեղափոխության փրփուրն են, որ ամենավերջում են եկել, բայց առաջինն են կորչելու՝ ինչպես գարեջրի բաժակը լցնելու դեպքում է լինում։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ իր վրա է զգում հեղափոխության «զարկերակը», ունակ է ռացիոնալ գնահատելու վերջին երկու տարում տեղի ունեցած ահռելի լավն ու ահռելի վատը, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթած է դուրս գալու ցանկացած պարագայում։
 
Միքայել Նահապետյան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 460 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար