Վարչապետի առաջարկը բողոքի դուրս եկած մսավաճառներին ու անասնաբույծներին. Եթե այն ընդունվի, սպանդանոցային պարտադիր մորթը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Վարչապետի առաջարկը բողոքի դուրս եկած մսավաճառներին ու անասնաբույծներին. Եթե այն ընդունվի, սպանդանոցային պարտադիր մորթը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-01-2020 18:21:22   | Հայաստան  |  Հասարակություն



Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգի, որովհետև սա առողջապահական խնդիրներից բացի, երկրի ստանդարտի և վարկանիշի հարց է: 
 
Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու և այդ կապակցությամբ անասնաբույծերի և մսավաճառների արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ: 
 
Ըստ վարչապետի՝ սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու կապակցությամբ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներն ունեն արդարացի փաստարկներ, որոնցից ամենակարևորն այն է, որ Հայաստանում այս պահի դրությամբ չկա սպանդանոցների բավարար խտություն և քանակ:  
 
«Ինչո՞ւ չունենք մենք այսօրվա դրությամբ սպանդանոցների բավար քանակ և խտություն, մի պարզ պատճառով, որովհետև մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, որովհետև էն մարդիկ, որոնք մտադրված են ներդրում կատարել կամ շինարարական պրոցեսի մեջ են, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք այդ հետաձգումը երկու անգամ կատարել ենք, մարդը փող ա դնում, մեկ էլ մտածում ա, ասում ա՝ մի րոպե կարո՞ղ ա ես էս սպանդանոցը կառուցեմ՝ փող ծախսելով, պարզվի, որ կառավարությունն էս կարգավորումը չեղյալ ա անելու»,- նկատեց Ն. Փաշինյանը: 
 
Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակում կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել և անել կոկրետ առաջարկ: 
 
«Մենք առաջարկում ենք հետևյալը. այսօր խորհրդակցություն ենք անցկացրել և տվել եմ կոնկրետ հանձնարարական՝ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և հասցեական կֆինանսավորի այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը կլուծեն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: 
 
Նրա փոխանցմամբ, եթե կառավարության նշյալ առաջարկը ցուցարարների համար ընդունելի է և իրենք պատրաստ են մինչև սույն թվականի հուլիսի 1-ը համատեղ աշխատել և այդ գործընթացը մինչև վերջ տանել՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այլևս այդ թեմային չեն անդրադառնալու, ապա կառավարությունը պատրաստ է 1-ին. վարչապետի բնորոշմամբ՝ «թյունինգավորել» սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերը, 2-րդ. մինչև հուլիսի 1-ը հետաձգել՝ բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների, ռեստորանների և հանրային սննդի ցանցի: 
 
Միաժամանակ կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 6-ը պատրաստ են լսել նաև այլ առաջարկներ: 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play