Ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորն իջեցվել է 30.00-ից՝ 28.00

23-01-2020 17:15:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից
 


 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թվականին ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների վճարման գործընթացը կարգավորելու նպատակով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը: Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունն աղքատության մակարդակի վրա՝ որոշմամբ առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թ. պետբյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թ. համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00՝ 30.00-ի փոխարեն: 
 
«2019- 2020 թվականների ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաև 2020 թվականից արդեն՝ միջին կենսաթոշակի չափը, նվազագույն աշխատավարձի չափը, հուլիսից՝ երեխաների ծննդօգնության գումարը կավելանա, ինչպես նաև 2 տարեկան երեխաներին տրվող խնամքի նպաստը: Այս եկամուտները, թեկուզ փոքր չափով, բայց ազդեցություն են ունենալու  ընտանեկան նպաստի համակարգի վրա: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ սահմանային միավորի մեծությունը նույնը թողնելու դեպքում, նպաստի իրավունքը կկորցնի շուրջ 11 հազար ընտանիք՝ իրենց 45 հազար անդամներով: Ուստի, դա կանխելու նպատակով առաջարկվում է իջեցնել ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը: Արդյուքնում 11 հազար մարդ կպահպանի նպաստի իրավունքը և, ըստ կանխատեսումների՝ համակարգ մուտք կգործի շուրջ 1000
ընտանիք»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:  
 
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սահմանային միավորն իջեցնելով, այդ ընտանիքներին տրվում է նպաստ ստանալու հնարավորություն. «Այսինքն՝ թոշակը մի քիչ ավելանում է, նրանց անապահովության միավորը նվազում է և նրանք նպաստի համակարգից դուրս են հայտնվում: Մենք հիմա, որպեսզի դա տեղի չունենա, նպաստի համար անհրաժեշտ միավորները իջեցնում ենք՝ 30-ից դարձնելով 28: Սրա արդյունքում ոչ միայն այդ 11 հազար ընտանիքն պահպանում է նպաստ ստանալու  հնարավորությունը, այլ ևս 1000 ընտանիք է ընդգրկվում համակարգում: Ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ որոշում է: Մենք ընդհանուր առմամբ անընդհատ նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում, բայց նաև մեր նախանշվող բարեփոխումներից առաջ շատ կարևոր է, որ այս քայլերով, այս անցումային ժամանակաշրջանում հնարավորություն տանք, որպեսզի ոչ միայն նպաստառու ընտանիքները, այլև ընդլայնված ևս 1000 ընտանիք ադապտացիոն մի շրջան անցնեն»:
 
Սակայն, վարչապետի խոսքով, այդ ընտանիքները պետք է իմանան, որ  նպաստով երբեք ոչ մի ընտանիք աղքատությունը չի հաղթահարելու: «Ձգտել շարունակել մնալ նպաստի համակարգում՝ նշանակում է ձգտել շարունակել մնալ աղքատ ընտանիքի կարգավիճակում:  Եվ մենք ասում ենք, որ այն ընտանիքները, որոնց անդամները աշխատունակ են, նրանց համար աղքատությունը հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ աշխատանքը, որի համար մենք պետք է ստեղծենք բոլոր՝ և՛ հարկային, և՛ վարկային, և՛ կրթական պայմանները: Այս համակարգի զարգացման արդյունքում, երբ աշխատունակ մարդիկ մեր աջակցությամբ սկսեն իրենց կարիքները հոգալ, սա մեզ հնարավորություն կտա, որ անաշխատունակ մեր հայրենակիցների սոցիալական կարիքներն ավելի արդյունավետ կարողանանք սպասարկել»,-ընդգծել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս որոշմամբ փաստորեն ապահովվում է անցնցում անցումային շրջանը:
 
Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացրել նաև «Նպաստ+» ծրագրի ընթացքի վերաբերյալ և նշել. «Գյուղատնտեսական աշխատանքով, անասնապահությամբ զբաղվոլու հնարավորություն էր ընձեռվել 25 ընտանիքի: Մենք առաջին մոնիթորինգն ենք իրականացրել 15 համայնքներում, որտեղ որևէ խախտում և որևէ անհամապատասխանություն չենք գրանցել: Հակառակը՝ բնակինչերն իրենց գոհունակությունն են հայտնում, և գրեթե բոլորն առաջարկ են ներկայացնում՝ այս ծրագրերն ընդլայնելու և պահպանելու: Այսինքն՝ ոչ թե մեկանգամյա ծրագիր իրականացնելու, այլ այն դարձնելու լայնածավալ պետական քաղաքականություն»:
 
Նիկոլ Փաշինյանը ևս ընդգծել է այդ ծրագրի կարևորությունը և նշել. «Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ճիշտ ըմբռնեն, թե մենք ինչի համար ենք դա անում: Դա  անում ենք, որպեսզի իրենք դուրս գան աղքատության նպաստի համակարգից: Մենք դա անում ենք, որպեսզի իրենք աշխատանքով կարողանան իրենց ընտանիքի կարիքները բավարարել: Ուզում եմ ասել, երբ ասում են շարունակական լինի,
այո՛, մենք պատրաստ ենք, որ այս ծրագիրը շարունակական լինի, բայց այն պետք է նաև հիմնված լինի արդյունքների վրա»: Վարչապետի գնահատմամբ՝ անհրաժեշտ է վերլուծության արդյունքում հասկանալ, թե ծրագրից օգտվող քանի ընտանիք է դուրս գալիս նպաստի համակարգից, քանիսն են հայտարարագրում, որ կառավարության աջակցությամբ աղքատությունը հաղթահարել են և այսուհետ իրենք կհոգան իրենց ընտանիքի կարիքները: «Ինչքան շատ լինի այդպես վարվող քաղաքացիների թիվը, ինչքան շատ մարդ դուրս գա նպաստի համակարգից -  ընդ որում մենք նպաստը մեկ տարով բոլոր դեպքերում պահպանում ենք և այդ մարդկանց ժամանակ ենք տալիս, որպեսզի դուրս գան նպաստի համակարգից - այնքան մեծ միջոցներ կտրամադրենք այս խնդիրը լուծելու համար: Այդ մարկանց պետք է նաև խրախուսել, որ նրանք հաջորդ փուլով ներգրավվեն «խելացի անասնագոմերի» ծրագրի մեջ: Այսինքն՝ մենք մարդկանց պետք է զարգացման տրամաբանության մեջ դնենք և ոչ թե ինչ որ, մի ստատիկ վիճակ պահելու»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար