Կառավարությունն արտոնություն է տրամադրել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը


Կառավարությունն արտոնություն է տրամադրել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը

  • 23-01-2020 17:22:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում): Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է  ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է  1.65 մլրդ դրամ:
 
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրով ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք: «Մենք նախապես այս հարցը քնննարկել ենք տեղական արտադրողների հետ. եթե արտոնում ենք կաթնամթերքի այս տեսակ ներմուծումը, արդյոք տեղական արտադրողներին, կաթ արտադրողներին վնասում ենք, թե ոչ: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող որևէ ձևով ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ  եզրակացության հիման վրա է նաև որոշվել հայտը բավարարել: 
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ այս թեմային էլ անդրադարձ ունեցանք: Եվ այդ անդրադարձի առնչությունը խնդրո առարկայի հետ հետևյալն է. մենք մի դեպքում խնդիր ունենք, որ մեր կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից և ընդհանրապես մթերման պրակտիկայից,  մյուս կողմից՝ ունենք արտադրողներ, որոնք Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Եվ սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով: Եվ այս ուղերձը պետք է մենք հստակ մեր հանրությանն ուղղենք, որ այն ձևերը, որոնցով մենք սովոր ենք կաթ արտադրել, այդ ձևերով արտադրված կաթն այլևս մրցունակ չէ շուկայում, լուրջ արդյունաբերական կամ բիզնես գործունեություն ծավալելու համար: Եվ հետևաբար մենք քաջալերում ենք մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք նրեգրավվեն «խելացի անասնագոմերի» կառուցման ծրագրի մեջ, որտեղ մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաև սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար, եթե մարդիկ սեփական միջոցներով են կառուցում կամ ինչ-որ այլ տեղից ձեռք բերված միջոցներով՝ գնահատված գնի  50 տոկոսը վերադարձնում ենք: Սահմանամերձ հատվածներում և զինթոշակառու հանդիսացող անձանց պարագայում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»: 
 
Վարչապետը նշել է նաև, որ հաշվետվության համաձայն՝  ծրագրում որոշակի շարժ է նկատվում:  «Ես ուրախ եմ, որ, կարծես թե շարժ նկատվում է: Պայմանավորվենք, որ այս հարցում ֆինանսական սահմանափոկումներ չենք ունենալու: Ինչքան մարդիկ կառուցեն, այնքան մենք ֆինանսավորելու ենք՝ պայմանով, որ նրանք ճշգրիտ պետք է կառուցեն, առաջադրած տեխնիկական պայմաններին համապատասխան, որովհետև եթե այս շղթայից մի օղակ հանեն՝ ուրիշ բան դնեն, ընդհանրապես չի ստացվի»,-ասել է գործադիրի ղեկավարը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն