Տարօրինակ իրավիճակ. հեղաշրջման մասին երկու հայտարարություն
23-01-2020 18:19:36 | Հայաստան | Վերլուծություն
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանում եղել է պետական հեղաշրջման փորձ, այն կանխվել է, եւ վտանգ այլեւս չկա: Թե ինչու չկա հարուցված քրեական գործ, Գրիգորյանը պատասխանել է, որ կատարվում է քննություն եւ այդժամ պարզ կլինի՝ քրգործի կարիք կա՞, թե ոչ:
ԱԽ քարտուղարի հայտարարությունը տարօրինակ է օրերս ԱԱԾ տարածած հայտարարության ֆոնին, որտեղ ի պատասան հեղաշրջման մասին հարցի, ԱԱԾ-ն ասել էր, որ ծառայությունը չի տիրապետում այդպիսի փորձի վերաբերյալ տեղեկատվության:
Ստացվում է տարօրինակ եւ առնվազն առերեւույթ անլուրջ պատկեր՝ ազգային անվտանգության համար պատասխանատու գլխավոր ծառայությունը հայտարարում է, որ չունի հեղաշրջման մասին տեղեկություն, մեկ այլ անվտանգային կառույց, որը պատասխանատու է Հայաստանի պաշտպանական քաղաքականության մշակման համար՝ քարտուղարի մակարդակով հայտարարում է այդպիսի փորձ եղած լինելու եւ կանխվելու մասին:
Ո՞ր կառույցն է անտեղյակ, ո՞ր կառույցն է թաքցնում ճշմարտությունը, եւ ո՞ր կառույցն է չափազանցնում: Այն, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական-քարոզչական առումով ունի պահի շարժառիթ՝ պետական հեղաշրջման մասին խոսելու համար, նկատելի է: Քաղաքական մեծամասնությունը գտնվում է նախկին իշխող համակագի քարոզչական ինտենսիվ գրոհի ներքո եւ այդտեղ պաշտպանական միջոց կարող է լինել հանրության մոտ այդ համակարգի հանդեպ զայրույթը եւ վտանգի զգացումը թարմ պահելը:
Բայց, այդպես թարմ են մնում մի շարք այլ զգացումներ, ինչպես օրինակ անորոշությունը, խուճապը, տագնապը: Միաժամանակ նաեւ որոշակի անլրջության զգացումը պետական կառավարման համակարգի հանդեպ, երբ մի կարեւոր կառույց ասում է մի բան, մեկ այլ կառույցի պաշտոնյա խոսում այլ բանի մասին:
Եթե այդ ամենը քաղաքական ղեկավարության համար ունի էֆեկտ, ապա այդ էֆեկտը կարճաժամկետ է, իսկ «կորուստը»՝ ավելի երկարաժամկետ: Բանն այն է, որ նախկին իշխող համակարգի հանդեպ հանրային բացասական վերաբերմունքը գոնե տեւական ժամանակ թերեւս ենթակա չէ վերանայման՝ այդ համակարգը հեղաշրջման փորձ արած լինի, թե չլինի: Ըստ այդմ, կարիք կա՞ դրանով անընդհատ տագնապի, լարված սպասման, անորոշության մեջ պահել հանրությանը:
Առավել եւս, որ դրան զուգահեռ էլ վարչապետ Փաշինյանը պարբերաբար փորձում է տարբեր ելույթներով անել կարեւոր շեշտադրումներ հանրային մտածողությունը, աշխարհընկալումը, պատկերացումները փոխելու համար, հենց դա կարեւոր համարելով հեղափոխության հետագա բազմաբնույթ կապիտալիզացիայի արդյունավետության համար: Եվ վարչապետն այդ իմաստով իրավացի է: Բայց հանրությանն այդ ազդակներն ամբողջապես հասցնելու եւ դրա շուրջ իրապես հետեւողական քննարկում ու դիսկուրս ծավալելու համար մյուս կողմից անընդհատ անորոշություն ու խուճապ սնուցելը այդքան էլ պարարտ միջավայր չէ:
Եթե փորձը եղել է, կանխվել, ու վտանգը չեզոքացված է, ապա կամ այդ մասին պետք է ներկայացվի համոզիչ ապացույց, կամ պետք է չխոսվի այդ մասին եւ հավաստիացվի, որ իրավիճակը վերահսկելի եւ կառավարելի է այնքան, որ չկա այդօրինակ հեղաշրջման վտանգ: