ՄԻՊ-ը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ


ՄԻՊ-ը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ

  • 23-01-2020 19:02:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ։ Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում
 
Հաղորդագրության մեջ նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող:
 
2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ արտահերթ զեկույցի ձևով: Այս հայեցակարգը ներկայացնում ենք ուսումնասիրության և հարկ ենք համարում արձանագրել, որ նման երևույթների դեմ պայքարը պետք է լինի համակողմանի:
Քրեական ենթամշակույթի արմատավորված և բազմատարր բնույթը պահանջում է, պետական բազմակողմանի քաղաքականություն: Այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ենթամշակույթի արմատները, դրա ազդեցության տարածման ծավալները:
 
Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում ելակետային սկզբունքներ են ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովումը և նրա վերասոցիալականացմանը նպաստելը: Այդ նպատակի համար քրեակատարողական համակարգը պետք է ապահովի համապատասխան պայմաններ, ունենա պատրաստված և բավարար անձնակազմ, որն, իր հերթին, պահանջում է սոցիալական պատշաճ երաշխիքների և աշխատանքային պայմաններ: Օրենսդրությունը պետք է ստեղծի ազատությունից զրկված անձի համար կանխատեսելի պատկերացում իր իրավունքների իրացման և պարտականությունների հարցերում:
 
Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ քրեական ենթամշակույթը չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկներում տարածվելով, այն ծավալված է հասարակության առավել լայն շրջանակներում, ուստի այն պետք է արտացոլվի նաև հանցավորության դեմ պայքարի պետության քաղաքականության մեջ՝ ապահովելով արդյունավետ միջոցների կիրառում:
 
Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.
1) ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,
2) ազատությունից զրկման վայրերում՝ այդ թվում քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,
3) ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,
4) ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,
5) ազատազրկվածներին պահելու պայմանները:
Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:
 
Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:
 
Հայեցակարգը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play