Հրայր Թովմասյանին թույլ չի տրվում ծանոթանալ դատարանի որոշմանը. փաստաբան


Հրայր Թովմասյանին թույլ չի տրվում ծանոթանալ դատարանի որոշմանը. փաստաբան

  • 24-01-2020 12:47:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արդեն մի քանի ժամ է Հատուկ քննչական ծառայության քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակցիները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնկարանում: Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողներին ասաց, որ քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն: Կա դատարանի որոշում, բայց խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ, ըստ փաստաբանի, քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների՝ ամբողջ ծավալով իրացմանը:
 
«Մասնավորապես, պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին և պարոն Թովմասյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին որոշումը կարդալ»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա՝ պատճառաբանություններ չեն բերվում, թե ինչու թույլ չեն տալիս: Ըստ Մակինյանի՝ այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ իրենք չեն կարողանում մեկնաբանել դա:
 
«Խուզարկությունն այն գործի շրջանակներում է իրականացվում, որ գործով պարոն Թովմասյնաը ներգրավված է որպես մեղադրյալ: Փաստաթղթեր են որոնում: Պարոն Թովմասյանը բնակարանում է»,- հավելեց նա: Ըստ փաստաբանի՝ իրենք միջնորդել են քննիչին, որպեսզի իրենք հնարավորություն տան ծանոթանալ այդ որոշմանը: Ըստ օրենքի՝ Թովմասյանի փաստաբանները կարող են բողոքարկել դատարանի այդ որոշումը: Բայց Մակինյանը հարցադրում արեց՝ ո՞նց կարող են բողոքարկել մի փաստաթուղթ, որի պատճենն իրենք չունեն: «Դատարանի որոշումը քննչը պահում է ձեռքին, ընթերցում, ասում է՝ ես ընթերցեցի, դուք լսեցիք, բայց մեզ պատճենը չի տալիս»,- ասաց նա:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը