Ազդարարվել է «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը

24-01-2020 17:20:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Այսօր ազդարարվել է ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին «Հոր
իզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը: Այդ նպատակով հրավիրված գիտաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, Շվեդիայի խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Եվրահանձնաժողովի և համագործակցող համալսարանների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում երկար աշխատանք է տարվել, և այս գիտաժողովը դրա նշանակալի արդյունքներից մեկն է:
 
«Մենք անցյալ տարի Բրյուսելում և Երևանում քննարկումներ ենք ունեցել մեր եվրոպացի գործընկերների հետ, և վստահ եմ, որ կգտնենք լավագույն լուծումները, որպեսզի Հայաստանն առավել ներգրավված լինի այս ծրագրում: Սա թույլ կտա մեզ լուծել մեր առաջնահերթություններից մի քանիսը, այն է՝ բարձրագույն կրթության, հետազոտության և գիտության ներդաշնակ զարգացումը և ինտեգրումը: Մենք ավանդաբար լավագույն փորձ ենք ունեցել այս առումով. իհարկե, անկախությունից հետո որոշակի նահանջ ենք արձանագրել, սակայն այդ ավանդույթները և մեր ունեցած բազան թույլ կտան մեզ վերականգնել այդ հնարավորությունը, հատկապես որ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ ջանք չի խնայում և ունի կամք՝ լուծել տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրները»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը ողջունելի է նաև եվրոպական հայտնի կենտրոնների հետ լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից:
 
Արայիկ Հարությունյանը նաև հաջող ընթացք է մաղթել ԵՊԲՀ-ին՝ հույս հայտնելով, որ ծրագրի արդյունքում երեք տարի հետո բուհը կունենա այնպիսի ձեռքբերում, որը թույլ կտա ոլորտը բարձրացնել միանգամայն այլ մակարդակի և համագործակցության հնարավորություն հաստատել եվրոպական հայտնի կենտրոնների հետ:
 
Նշենք, որ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն-նե¬րի կենտրոն Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան
մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:
 
Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար