«Հիբրիդային հեղաշրջման» վճռական փուլը. ինչ է ստորագրելու վարչապետը Հրայր Թովմասյանի գրիչով


«Հիբրիդային հեղաշրջման» վճռական փուլը. ինչ է ստորագրելու վարչապետը Հրայր Թովմասյանի գրիչով

  • 27-01-2020 11:35:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Հրայր Թովմասյանի քծնելու եւ ծառայություններ առաջարկելու մասին հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ապացույցը՝ ՍԴ նախագահի գրիչը, ակնարկելով նաեւ, որ Թովմասյանի այդ առաջարկներն իրեն է փոխանցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
 
Գրիչը ծանր տպավորություն է թողել, այդ թվում նոր իշխանությանը լոյալ շրջանակների վրա, բայց ոչ թե թանկության պատճառով, որի կապակցությամբ գրառում է արել վարչապետը, այլ որպես ներկայացված փաստ-ապացույց: Եվ հենց այդ հանգամանքն էլ կարծես թե դարձել է տեղեկատվական գրոհի նոր առիթ եւ «իրեղեն ապացույց»:
 
Տեղեկատվական այդ արշավը սկսել է վաղուց եւ գնալով դառնում է ավելի կազմակերպված ու «բովանդակալից»: Եթե սկզբնական շրջանում այն գրեթե ամբողջությամբ պարզապես կեղծիք ու մանիպուլյացիա էր, ներկայում դրան «բովանդակություն» է հաղորդում արդեն իշխանության գործունեությունը, ավելի ճիշտ՝ դրա թերացումները: Ոմանք այդ թերացումները կապում են այն բանի հետ, որ վճռականորեն չի ջախջախվել նախորդ իշխող համակարգը, ոմանք՝ որ չեն կատարվել հիմնարար բարեփոխումներ, որոնք անշրջելի կդարձնեին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը:
 
Որոնք էին այդ արշավի հիմնական թեզերը. Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել, Արցախի ու անվտանգության հարցերում ահագնացել են մարտահրավերները: Նպատակը հասկանալի է՝ հանրության մեջ առաջացնել անվստահություն, վախեր եւ այդպիսով իշխանությանը զրկել լեգիտիմությունից:
 
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել է, որ իշխանության դեմ հիբրիդային հեղաշրջման փորձ է արվել, որը ջախջախվել է: Մյուս կողմից, այդ ասուլիսից հետո իրավիճակը կարծես թե մտնում է դիմակայության վճռական փուլ: Կոչեր են հնչում իշխող մեծամասնությանը՝ ընտրել նոր վարչապետ, կամ հանձնել մանդատները, քանի դեռ ուշ չէ: Իշխող մեծամասնությունն իր հերթին չդարձավ քաղաքական թիմ, ինչն աննպատակ չի դարձնում այդ կոչերը:
 
Օդում պտտվում է մայիս ամսվա ժամկետը: Ով ինչ կհասցնի այս ընթացքում:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն