Անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին. Գաբրիել Բալայանը՝ ՀՀ ԶՈՒ սպառազինության մասին


Անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին. Գաբրիել Բալայանը՝ ՀՀ ԶՈՒ սպառազինության մասին

  • 27-01-2020 18:09:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ շնորհավորել է բոլոր զինծառայողներին և իրենց կյանքը տված զինծառայողների հարազատներին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բալայանն ասաց ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում:
 
«Շնորհավորանքս ցանկանում եմ հղել մեր այն զինծառայողների հարազատներին, ովքեր իրենք կյանքն են տվել բանակի հզորացման, հայրենիքի անկախության, զարգացման և սահմանների անքակտելիության համար: Կարծում եմ, որ այս տոնի առաջին հասցեատերերը հենց նրանք են»,- նշեց Բալայանը և հավելեց, որ ՊՆ-ն արդեն իսկ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել՝ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման համար:
 
Փոխնախարարի խոսքով՝ 2019 թվականին Երևանում այդ զինծառայողների ընտանիքների բնակարանային կարիքները մոտ 95 տոկոսով բավարարվել է, իսկ այժմ ծրագիրն իրականացնվում է նաև մարզերում:
 
«Մենք շատ ենք կարևորում նաև այն զինծառայողների վաստակը, ովքեր ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իրենց կյանքն են վտանգում հայրենիքի պաշտպանության համար: Պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Զինված ուժերում մեր զինծառայողներին վերաբերող բոլոր իրավական կարգավորումները գործեն ճիշտ և հստակ: Շատ հաճախ լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպք է կանխվում մեր սպաների և զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ»,- ընդգծեց Բալայանը:
 
Անդրադառնալով սպառազինությանը՝ նա շեշտեց, որ 2019 թվականն աննախադեպ է եղել և հավաստիացրեց, որ անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին, սակայն դեռևս չեն կարող բացահայտել, թե ինչ զինամթերք պետք է ստանա Հայաստանը:
 
«Անցյալ և այս տարվա բյուջետային պլանավորման մեջ բավական գումարներ են հատկացված հենց այդ կարիքները բավարարելու համար: Մենք շեշտը դրել ենք ոչ միայն սպառազինության, այլև համաժամանակյա վարձատրության բարձրացման վրա: Հույս ունեմ, որ բոլոր այդ դրական տենդենցների զարգացումը կկարողանանք ապահովել նաև 2020 թվականին»,- եզրափակեց Բալայանը:
 
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը