Կարող ենք ասել, որ վարչապետի առաջարկն ընդունվել է գյուղացիների կողմից. Գեորգի Ավետիսյան


Կարող ենք ասել, որ վարչապետի առաջարկն ընդունվել է գյուղացիների կողմից. Գեորգի Ավետիսյան

  • 28-01-2020 16:17:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մսավաճառները դեռեւս չեն շտապում արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սպանդանոցային պարտադիր մորթ իրականացնելու ժամկետը մինչեւ հուլիսի 1-ը երկարաձգելու առաջարկին:
 
Այդ լռությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընկալել է որպես համաձայնություն:
 
Նշենք, որ մի քանի օր շարունակ մսավաճառները, անասնապահները բողոքի ակցիա էին իրականացնում, ճանապարհներ փակում՝ այդ կերպով բողոքելով սպանդանոցային պարտադիր մորթի դեմ. ըստ կառավարության որոշման՝ հունվարի 15-ից ՍԱՏՄ-ն պետք է անցներ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելեր բակային մորթը։ Մսավաճառների մի մասը բողոքում էր, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, մյուսներն էլ նշում էին, որ դեմ են ընդհանրապես սպանդանոցային մորթին:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին անդրադարձավ թե՛ Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ, թե՛ նախորդ օրը՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
 
Նա հայտարարեց, որ միանշանակ պետք է Հայաստանն անցնի սպանդանոցային համակարգին, քանի որ դա բացի առողջապահական խնդիրներից, նաեւ երկրի ստանդարտի վարկանիշի հարց է։
 
Բայց քանի որ սպանդանոցների բավարար քանակ երկրում չկա, վարչապետը նույն օրը հանձնարարական էր տվել, որ մինչեւ փետրվարի 6-ը կառավարությունը դիտարկի սուբսիդավորվող վարկերը եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անի, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։ Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ մինչեւ հուլիսի 1-ը սպանդանոցային մորթը պարտադիր չի լինի՝ բացառությամբ Երեւանի սուպերմարկետներին եւ հասարակական սննդի օբյեկտներին մատակարարված մսամթերքի:
 
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն սկսել են աշխատել վարչապետի հանձնարարականի ուղղությամբ:
 
Հարցին՝ ի՞նչ տարբերություն կա. միսը կվաճառվի սուպերմարկետո՞ւմ, թե՞ մսի շուկայում, արդյո՞ք դա նույն քաղաքացին չի գնելու, Ավետիսյանը պատասխանեց. «Քանի որ մարդիկ ներդրումներ էին արել՝ գումարներ էին ծախսել, որպեսզի սպանդանոցներ բացեն, նրանց բիզնեսը, կոպիտ ասած՝ չսպանելու համար որոշվեց, որ Երեւանի սուպերմարկետներում եւ հասարակական սննդի օբյեկտներում պետք է լինի սպանդանոցային մսամթերք: Մենք այդ ընթացքում մյուս ներդրողներին կհորդորենք սպանդանոցներ կառուցել»:
 
Անդրադառնալով հարցին, թե արդեն քննարկումներ եղե՞լ են նոր սպանդանոցներ բացելու եւ շարժական սպանդանոցներ ձեռք բերելու ուղղությամբ, նա պատասխանեց. «Բոլորին առաջարկել ենք գալ մեզ մոտ: Ամենայն հավանականությամբ եկող շաբաթվանից մեր մարզային կառույցներում քննարկումներ կիրականացնենք՝ հասկանալու համար, թե ինչ պահանջներ կան սպանդանոց կառուցելու համար: Իսկ շարժական սպանդանոց՝ Արմավիրում 1 հատ կա: Շատ լավ աշխատում է: Ճիշտ է 1 տարի է սեփական կարիքների համար է իրականացնում մորթը, սակայն երեկ մենք հանդիպել ենք, եւ սեփականատերը պատրաստակամություն է հայտնել մորթ իրականացնել նաեւ ոչ սեփական կարիքների համար»:
 
ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այս պահին սպանդանոցների խնդիր ունեն Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում: Նա պնդեց՝ հուլիսի 1-ից հետո միայն սպանդանոցային մորթ անցած միս կարող է վաճառվել եւ այլեւս այդ ժամկետը չի ձգվելու:
 
Ավետիսյանը նշեց, որ թեմայի վերաբերյալ մսամթերք արտադրող ընկերությունների հետ քննարկումներ չեն եղել, չնայած ՍԱՏՄ-ն միշտ պատրաստ է քննարկումներին. «Մսամթերք արտադրող ընկերությունները հիմնականում դրսից են ներկրվում, եւ դրանք պարտադիր սպանդանոցային ծագման են»:
 
Սպանդանոցային պարտադիր մորթից դժգոհող անասնապահներից Արշավիր Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ ֆերմերներով հանդիպել են, զրուցել վարչապետի առաջարկի վերաբերյալ. այս պահին դրական է ընթանում պրոցեսը ու իրենց գոհացնում է. «Պարզապես հիմա մարդիկ քննարկում են, թե ինչպես սպանդանոց բացել, ինչպես է պետությունը սուբսիդավորելու»: Խաչատրյանի խոսքով՝ իրենք այս պահին բողոքի ակցիաներ չեն նախատեսում իրականացնել:
 
Մսավաճառներից Գարիկ Գեւորգյանը, որը եւս ակտիվ մասնակցում էր սպանդանոցներում մորթը պարտադիր լինելու դեմ բողոքի ակցիաներին, ՀԺ-ին ասաց, որ իր համար գրեթե բան չի փոխվում այս առաջարկով. «Եթե մեծ ցանցերում պետք է սպանդանոցային ծագման մսամթերք լինի, տակը մնում է շենքերի հարեւանությամբ գործող փոքր խանութները»:
 
Հարցին՝ վարչապետի առաջարկած տարբերակը, թե պետք է լավ պայմաններ ստեղծվի, որ մարդիկ կարողանան սպանդանոց բացել, արդյո՞ք ձեռնտու չէ իրեն, Գեւորգյանը պատասխանեց. «Ինչպես բոլորը, այնպես էլ ես՝ պիտի սարքեմ ուզած-չուզած: Ես կտեսնեմ, թե ինչ է կատարվում շուրջ բոլորս, մարդիկ ինչ են անում, հետո կորոշեմ՝ ինչպես անել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը