Մեկը բարեկամ է ուղարկել, մեկը ձեռքիս է զանգել, թե հանդիպենք, խոսենք.ՍԴ-ի երեք դատավոր իրենց ծառայություններն են առաջարկել
29-01-2020 11:53:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Լրագրի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը
- Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց, որ ՍԴ խնդիրը առաջիկայում կհանգուցալուծվի։ Վերջին զարգացումները՝ կապված գրիչի պատմության, հետո Ալեն Սիմոնյանի արձագանքի հետ, խնդիրը փակուղի չի՞ տարել։
-Իհարկե ոչ։ Սահմանադրական դատարանի ճգնաժամը, անկախ մեր քննարկումներից, գոյություն ունի։ Մենք կարող ենք քննարկել, կարող ենք բանավիճել, բայց Սահմանադրական դատարանի ճգնաժամը չի դադարում գոյություն ունենալ։ Սահմանադրական դատարանի ճգնաժամը կդադարի գոյություն ունենալ, երբ որ մենք կունենանք Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան։ Բայց քանի դեռ մենք չունենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան, ՍԴ ճգնաժամը շարունակելու է գոյություն ունենալ։ Հայաստանի Հանրապետությունը չունի Սահմանադրական դատարան, որի անաչառության մեջ բոլորս համոզված ենք, բոլորս վստահ ենք։ Ճգնաժամի շուրջ քննարկումները, բանավեճերը ոչ ճգնաժամը խորացնում են, ոչ լուծում են։ Դրանք ընդամենը հիվանդության շուրջ բանավեճեր են։
- Այս բացահայտումները ընդհուպ մինչև ԱԺ փոխնախագահ հասան։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք։
- Բացահայտումները ցույց են տալիս Սահմանադրական դատարանի ներկայիս անդամների, այդ թվում նախագահի կերպարը, բայց ի տարբերություն հանրության, շատերիս համար այդ կերպարը վաղուց բացահայտ է։ Կոնկրետ ինձ համար էստեղ ոչ մի բացահայտում չկա։
Այս ընթացքում շատ էին հարցեր հնչում, օրինակ` Սահմանադրական դատարանի ներկայիս անդամների հետ ինչ խնդիր կա։ Այսինքն մարդիկ մտածում են,որ եթե զուտ իրավական տեսանկյունից նայենք` կա Սահմանադրական դատարան, որտեղ համաձայնագրերը քննարկում են, եզրակացություն են տալիս։ Ֆորմալ առումով ՍԴ-ն կա, հետևաբար, ո՞րն է խնդիրը։ Մյուս կողմից, հնչում է քննադատություն, որ ուզում եք ձեզ հնազանդ ՍԴ ունենալ։ Բայց ոնց չհիշեցնես, ու հեղափոխությունից անմիջապես հետո այդ նույն ՍԴ-ում բոլորը հնազանդության և ծառայելու պատրաստակամություն են հայտնել։ Եթե մեզ հնազանդ ՍԴ էր պետք, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը սարքել դրել էին, կարող էինք վերցնել և օգտագործել։ Ոնց չասես, որ ՍԴ-ում ոմանց նման, նկատի ունեմ Հրայր Թովմասյանին և մի քանիսին, հնազանդ և կամակատար չկար։ Իշխող մեծամասնությանը պետք է, որ մենք ունենանք ՍԴ Սահմանադրության գերակայություն ապահովող դիրքերից, ոչ թե հնազանդության, քաղաքական առևտուրներ անելու։
-Ի՞նչ տարբերակով է հնարավոր լուծել այս հարցը։ Սահմանադրական փոփոխություններո՞վ։
-Ես այս դեպքում պետք է կրկնեմ վարչապետի խոսքը, որ առաջիկայում ճգնաժամը կհանգուցալուծվի։ Տարբերակները մատնանշում է ՀՀ Սահմանադրությունը։ Եթե լավ ուսումնասիրեք Սահմանադրությունը, կտեսնեք, որ Սահմանադրությունը ճգնաժամի լուծման գործիքակազմն իր մեջ պարունակում է։
- Դե եթե կան այդ ճանապարհները, ինչո՞ւ հենց սկզբից չգնացիք այդ ճանապարհով։
-Ես նույնիսկ այս պահի դրությամբ չեմ բացառում, որ ՍԴ-ի անդամների մի մասը կարող է ինքնակամ գնալ ճգնաժամի լուծման, և Հայաստանի կառավարության մեկնած ձեռքը օդում չթողնեն։ Մինչև փետրվարի 27-ը ժամկետ կա, այդ կարգավորումը գործելու է։ Բացառված չի, որ նրան կօգտվեն այդ հնարավորությունից։ Հնարավոր է հենց վերջին օրը օգտվեն, երբեք մի ասեք երբեք։ Երբ այդ օրենքի գործունեության ժամկետը կսպառվի, այդ ժամանակ քաղաքական մեծամասնությունը հաջորդ քայլը կկատարի։
-Կիսո՞ւմ եք տեսակետը, որ այս ընթացքում Հրայր Թովմասյանի կողմից քծնանք է եղել իշխանությունների նկատմամբ։
-Իհարկե, ՍԴ-ի երեք դատավոր դեռևս 2018 թվականի ամռանը ինձ հետ դուրս են եկել կապի և իրենց ծառայություններն առաջարկել։ Անձամբ ինձ հետ է եղել, քանի որ իմ լրագրողական տարիներից իրենց հետ շփումներ եմ ունեցել։ Մեկը բարեկամ է ուղարկել մոտս, մեկը միանգամից ձեռքիս է զանգել, թե հանդիպենք, խոսենք։ Մեկը միջնորդով է փոխանցել։ Ես ասել եմ, որ եթե դա ձեր պաշտոնավարման հետ է կապված, իմաստ չունի։ Ասել եմ՝ դուք ձեր պարտականությունները կատարեք և մի ակնկալեք, որ ինչպես նախկին իշխանությունների դեպքում է եղել, ինչ-որ ինդուլգենցիա ունենաք։ Դուք որպես ՍԴ անդամներ ձեր պարտականությունները կատարեք և վերջ։
-Այդ անձանց անունները չե՞ք ասի։
-Իհարկե չեմ ասի, որովհետև եթե հիմա անուն ասեմ, այդ նույն մարդը, որ գիտի, որ հարազատ եղբորն ուղարկել է, ասելու է՝ դե ապացուցի։ Դա անիմաստ զբաղմունք է, բայց իրենք բոլորը հո գիտե՞ն, իրենք այդ կենսակերպով ապրող մարդիկ են։