Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվել է


Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվել է

  • 29-01-2020 14:16:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից:
 
Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
 
Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
 
Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ, այդ թվում՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը եւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը: 
 
Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ, եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք), փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը՝  ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը): Քաղաքացի Դ. Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը), իսկ Ա. Գարսանցյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
 
Դատախազությունը բողոքարկել է նաեւ Ռազմիկ Աբրահամյանի եւ Արշակ Ջերջերյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումները:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը