Հայաստանից Վրաստան մեկնող մի խումբ ուղեւորների թույլ չի տրվել հատել սահմանը. մեքենայում գտնված 2 չինացիները ջերմել են


Հայաստանից Վրաստան մեկնող մի խումբ ուղեւորների թույլ չի տրվել հատել սահմանը. մեքենայում գտնված 2 չինացիները ջերմել են

  • 29-01-2020 14:35:08   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հունվարի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանից Վրաստան մեկնող փոխադրամիջոցներից մեկի ուղեւորներին, որոնց թվում եղել են երկու չինացիներ, Բագրատաշենի անցակետում թույլ չի տրվել հատել սահմանը: 
 
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, այնտեղ բուժզննում է իրականացվել, որի արդյունքում էլ պարզվել է, որ չինացիները ջերմություն ունեն, ուստի կասկած է առաջացել, որ կարող են վարակված լինել կորոնավիրուսով: Նրանց հետ նույն մեքենայում գտնված անձանց մուտքը Վրաստան նույնպես արգելվել է:
 
«Մենք մեկ այլ մեքենայի մեջ էինք, մեզ էլ հարցուփորձ արեցին, թե բա հո Չինաստանից չե՞ք գալիս: Երկար հարցեր էին տալիս, հարկ եղած դեպքում նաեւ բուժզննում իրականացնում»,- պատմեց ականատեսներից մեկը:
 
Նա նշեց, որ խիստ վերահսկողություն է իրականացվում հատկապես Վրաստանի անցակետում: Թե՛ Վրաստանի եւ թե՛ Հայաստանի մաքսակետերում աշխատողները բժշկական դիմակներով են:
 
Ականատեսի փոխանցմամբ՝ վրացական անցակետում բուժզննում իրականացնելու սարքավորումներով լի սեղանիկի մոտ բուժաշխատողներ են հերթապահում: Տեղում կայանած է շտապօգնության մեքենա:
 
Թե ինչ է տեղի ունեցել սահմանից ետ ուղարկված ուղեւորների հետ՝ արդյո՞ք նրանք համալիր հետազոտություններ են անցել, կորոնավիրուսի առկայություն հաստատվե՞լ է, թե՞ չէ, կամ ընդհանրապես որքան հաճախակի են այդ վարակի կասկածով սահմանից մարդկանց ետ ուղարկելու դեպքեր գրանցվում, պաշտոնական պատասխաններ ստանալ մեզ չհաջողվեց օրը ոչ աշխատանքային լինելու պատճառով: ՀՀ առողջապահության նախարարի խոսնակը միայն հայտնեց, որ հունվարի 29-ին մամուլի ասուլիս կհրավիրեն, որի ժամանակ էլ կխոսեն հանրությանը մտահոգած կորոնավիրուսի եւ դրա հետ կապված բոլոր մանրամասների շուրջ:
 
Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկայից եւս հրաժարվեցին պաշտոնական մեկնաբանություններ տրամադրել: Մեզ հաջողվեց ճշտել, որ հունվարի 27-ին սուր շնչառական հիվանդության կասկածանքով բուժհաստատություն են դիմել Չինաստանի երկու քաղաքացիներ: Բարեբախտաբար նրանց մոտ բացակայել են կորոնավիրուսի ախտանիշները: Այստեղից նաեւ տեղեկացանք, որ Չինաստանում տարածված ու այդ երկրի սահմաններից դուրս եկող կորոնավիրուսը Հայաստանի բնակչության շրջանում որոշակի անհանգստություն է առաջացրել, եւ վերջին օրերին սուր շնչառական վարակներով անձինք ավելի հաճախ են դիմում կլինիկա: Կորոնավիրուս, ինչպես վստահեցրին, որեւէ մեկի մոտ չի հաստատվել:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play