Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվում անել դա. նյարդային վիճակ


Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվում անել դա. նյարդային վիճակ

  • 29-01-2020 17:16:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Հրապարակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը, որով նա հայտարարում է բանտից քաղաքական պայքարի մասին, դիտարկելով իրեն որպես ընդդիմությանն առաջնորդելու գլխավոր հավակնորդ:
 
Երկրորդ նախագահի այդ հարցազրույցը հրապարակվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ծավալուն հարցազրույցին զուգահեռ, որ նա տվել էր Պրեսինգ հաղորդաշարին: Այդ հարցազրույցում Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ոչ ոք չի հարգի իրեն, եթե հրաժարվի պայքարից: Փաստացի, Հրայր Թովմասյանն արձանագրել էր, որ հայտնվել է նոր իշխանության դեմ պայքարի առանցքային դիրքում:
 
Թովմասյանի այդ հարցազրույցի ֆոնին էլ երկրորդ նախագահի հարցազրույցի հրապարակումը գործնականում վերածվում է ոչ այլ բանի, քան Թովմասյանի այդ դիրքի վիճարկման: Ռոբերտ Քոչարյանը փաստացի հայտարարում է, որ նոր իշխանության դեմ պայքարի կիզակետում ինքն է, ոչ թե Հրայր Թովմասյանը, եւ իր շուրջ պետք է կառուցվի նախկին համակարգի դիմադրության քաղաքական շրջանակը:
 
Նախկին իշխող համակարգում այդ դիրքի համար պայքարն ընթանում է վաղուց, ինչը նաեւ միանգամայն տրամաբանական է: Ի վերջո, եթե այդ համակարգի ուժերը ամբողջապես չեն հեռանում քաղաքականությունից ու թողնում քաղաքական հավակնությունը, իսկ դա անհնար է մի քանի պատճառով, ապա մնում է պայքարել նախ սեփական շրջանակում գերակա դիրքի համար: Այն ընտրազանգվածը կամ հանրային շերտը, որի հավանությանը հավակնում է նախկին համակարգը, զգալիորեն փոքր է: Ըստ այդմ, այդ փոքր կարկանդակի ամենամեծ կտորի համար պայքարը ստանալու է էական նշանակություն:
 
Ու՞մ է տեսնում երկրորդ նախագահը Հրայր Թովմասյանի «նահատակության» թիկունքում, դժվար է ասել, սակայն տեսնում է էական մրցակից:
 
Մյուս կողմից, գլխավոր մրցակից նա թերեւս շարունակում է տեսնել Սերժ Սարգսյանին, որին երկրորդ նախագահը համառորեն հրավիրում է «մենամարտի», դեռեւս նրա նախագահության տասնամյակից, բայց Սարգսյանը համառորեն խուսափում է դրանից: Ռոբերտ Քոչարյանը մարտահրավեր-հարցազրույցներ էր տալիս նախագահի պաշտոնը թողնելուց ի վեր, սակայն Սերժ Սարգսյանը տասը տարի հրաժարվեց դրանց ուղիղ պատասխանելուց:
 
Ներկայում Սարգսյանը հայտարարել է «անկեղծ զրույցի» ժամանակը մոտենալու մասին, սրելով որոշակի սպասում, բայց ձգելով պահը: Նրա լռությունը թերեւս նյարդայնացնում է երկրորդ նախագահին, հատկապես փոխնախագահ Աշոտյանի հայտարարությունից հետո, որ առանց ՀՀԿ չի ստացվի նոր իշխանության դեմ որեւէ ընդդիմադիր համախմբում:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play