Հայաստանի և Սերբիայի միջև կգործի առանց մուտքի վիզային ռեժիմ


Հայաստանի և Սերբիայի միջև կգործի առանց մուտքի վիզային ռեժիմ

  • 30-01-2020 12:33:01   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին կայացած նիստում ընդունեց որոշում Սերբիայի հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին:
 
Համապատասխան զեկույցով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ տեղեկացնելով, որ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնել մուտքի արտոնագրի  միակողմանի պահանջը սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիների համար: 
 
Ըստ նրա՝ նշյալ որոշումն ուժի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերի 2-ին: 
 
«Դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով 180 օրվա համար: Պահպանելով փոխադարձության սկզբունքը՝ մշակվել է սույն որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում Սերբիայի քաղաքացիները համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի՜ առանց մուտքի վիզայի ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով մեկ տարվա ընթացքում»,- ընդգծեց Ա. Ադոնցը: 
 
Նրա խոսքերով՝ Հայաստանի և Սերբիայի միջև վիզաների ազատակացումը ևս մեկ քայլ է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման բնագավառում:   
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ներկայացված որոշման նախագիծը կարևոր է և կարող է խթանել Հայաստանի և Սերբիայի միջև ուղիղ չվերթների իրականացմանը: 
 
«Ընդհանրապես այդ միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, կարծում եմ՝ շատ կարևոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության համար»,- նկատեց վարչապետը՝ հետաքրքրվելով, թե այսօր Հայաստանը քանի՞ երկրի հետ ունի ազատականացված վիզային ռեժիմ: 
 
Ի պատասխան՝ Ա. Ադոնցը նշեց, որ այս պահին 60-ից ավելի երկրի հետ ունենք առանց մուտքի վիզային ռեժիմ: 
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ դա կարևոր ինֆորմացիա է, որի մասին պետք է անպայման իրազեկել քաղաքացիներին: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն