Բավական է սեփական վախը և անձեռնահասությունը քողարկել օրինապաշտության շղարշի տակ. Արտակ Գալստյան


Բավական է սեփական վախը և անձեռնահասությունը քողարկել օրինապաշտության շղարշի տակ. Արտակ Գալստյան

  • 30-01-2020 13:09:59   | Հայաստան  |  Հասարակություն

Իրավապաշտպան Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Բավական էսեփական վախը և անձեռնահասությունը քողարկել օրինապաշտության շղարշի տակ
 
Համացանցում երկու օր է տարածվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թմրամոլ լինելու և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր ամսեկան 3 կգ սև խավիար օգտագործելու մասին լուրը։
 
Ընդ որում լուրը անհայտ աղբյուրից չէ, լուրի հեղինակը այդ մասին հայտարարել է հեռուստատեսությամբ և հրապարակում կատարել ֆեյսբուքյան իր էջում։
 
Երկու օր է հայրենի իրավապահները լռում են։
 
Ես ամենևին կոչ չեմ անում, որ սկսվեն ռեպրեսիաներ հայտարարության հեղինակի նկատմամբ։
 
Բայց կոչ եմ անում, որ երկրում իրավապահները աշխատեն և պաշտպանեն օրինականությունը։
 
Այսպես ՝
 
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության մասին հաղորդում են համարվում նաև լրատվամիջոցով կատարված այն հրապարակումները, որոնց մեջ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ։
 
Հայտարարություն տված անձը ԱԺ նախագահին մեղադրել է թմրանյութեր օգտագործելու մեջ։
 
Տվյալ դեպքում առերևույթ առկա է քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի հանցակազմը, այն է
Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի։
 
Մյուս դեպքում հայտարարություն տարածող անձը մեղադրում է ՀՀ Վարչապետին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդված, որը արտահայտվել է 300․000 ՀՀ դրամը գերազանցող գնումները տևական ժամանակ կանխիկ կատարելու, պետական միջոցները անձնական շահերի համար օգտագործելու իր անվտանգության ծառայության աշխատակիցներին իր և իրենց լիազորություններից դուրս ցուցումներ տալով։
 
Երկու դեպքում էլ, իրավապահները պարտավոր են փաստի հիման վրա հարուցել քրեական գործ, որպես վկա կանչել հայտարարություն տվող անձին և նրանից պահանջել իր տեղեկությունը հաստատող փաստեր։
 
Եթե հայտարարություն տվող անձը կհրաժարվի ցուցմունք տալուց, ապա նրա արարքում առկա կլինի քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի՝ Վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը հոդվածով նախատեսված հանցակազմը։
 
Եթե հայտարարություն տվող անձը կտա կեղծ ցուցմունք, ապա նրա արարքում առկա կլինի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի ՝ վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու հանցակազմը։
 
Եթե հայտարարություն տվող անձը հաղորդում կտա և իր նշված փաստերը քննությամբ չեն հաստատվի, ապա նրա արարքում առկա կլինի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ սուտ մատնության հանցակազմը։
 
Եթե հայտարարություն տվող անձի ասած տվյալները կհամապատասխանեն իրականությանը, ապա տրամաբանորեն պատասխանատվության կենթարկվեն նրա կողմից մեղադրվող անձիք։
 
Այլ կերպ ասած, երկու օր է, ՀՀ Պետության իշխանության թևերից երկուսի ղեկավարները մեղադրվում են հանցանք կատարելու մեջ, բայց իրավապահները լռում են։
 
Իրավապահների անգործության հետևանքով առաջանում է նախադեպ, որ ցանկացած մարդ, ում ցանկանա կարող է մեղադրել հանցագործության մեջ և մնա անպատիժ, կամ անպատիժ մնա հանցագործը։
 
Այս կարգավիճակը անընդունելի է իրավական պետության համար, այն էլ այն դեպքում, երբ երկրի Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, իր խոսքերը հաստատելու համար հասարակ քաղաքացու պես ներկայացել է և դատարան, և քննչական կոմիտե և ՀՔԾ ու ցուցմունք է տվել։
 
ՀՀ իրավապահ մարմինների անգործության հետևանքով Հայաստանում ստեղծվել է իրավական անորոշության վիճակ, բոլորը բոլորին մեղադրում են տարբեր հանցանքների մեջ, սակայն մեղադրանքները ոչ հաստատվում են և ոչ էլ հերքվում։
 
Այնպես որ, պարոնայք իրավապահներ, բավական է սեփական վախերը և անձեռնահասությունը քողարկեք օրինականության շղարշի տակ, սկսեք գործել օրենքով ձեզ տրված լիազորությունների շրջանակներում և հիշեք, ժողովրդի բարոյահոգեբանական անվտանգության ապահովումը, նույնպես ձեր պարտականությունն է»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն