Այս քայլով չենք ուզում ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք. նախարարն Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովում չընդգրկելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Այս քայլով չենք ուզում ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք. նախարարն Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովում չընդգրկելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-01-2020 14:02:23   | Հայաստան  |  Հասարակություն



Սահմանադրական բարեփոխումների համար նախատեսված հանձնաժողովն իրականում դեռ չի  ձևավորվել, իսկ այդ հանձնաժողովում Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին չներգրավելը քաղաքական որոշում է: 
 
Այս մասին հունվարի 30-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 
 
Ըստ նրա՝ նշյալ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն 6 իրավաբան-գիտնականներ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչներ: 
 
«Տիկին Հովհաննիսյանի մասով գնահատում ենք իր անկեղծ մղումները, որ ինքը հայտարարել է, որ ես անկեղծ մղումներով ուզում էի օգնել: Մենք իրականում այս քայլով չենք ուզում ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, դրա մասին չէ խոսքը։ Ուղղակի տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ ինքը մասնակցել է նախորդ սահմանադրական բարեփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում կարծես թե խոսքը գնում է ոչ ֆորմալ մասնակցության մասին, որովհետև մենք նայել ենք, այնտեղ նա ֆորմալ առումով հանձնաժողովի անդամ չի եղել, բայց մենք կասկածի տակ նույնիսկ դա էլ չենք դնում: Այլ խնդիրը հետևյալն է՝ մեր պաշտոնական փաստաթղթում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նշվում է, որ քննադատություն է հնչում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների և դրան հաջորդած պրոցեսների հետ կապված: Եվ, բնականաբար, մենք այդ հանգամանքը չէինք կարող դրական առումով գնահատել»,- պարզաբանեց Ռ. Բադասյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ իրենք Ա. Հովհաննիսյանի օգնությունից չեն հրաժարվի, քանի որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆորմատը չէ: 
 
Անդրադառնալով 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը և իրականացմանը՝ նախարարը կրկին պնդեց, որ այն խայտառակություն է եղել Հայաստանի համար: 
 
Ռ. Բադասյանը հորդորեց լրագրողներին հիշել նախորդ հանձնաժողովի կազմը և համեմատել ներկայիս կառավարության կողմից ընտրված նոր անդամներին. «Անկախ մարդիկ են բոլորը, որոնց այս փուլում թիրախավորելը բացարձակ տեղին չէ: Իրենց հնարավորություն է պետք տալ որպես անկախ փորձագետներ՝ մասնակցել այդ աշխատանքներին և իրենց կարծիքները մեր նախանշած հարցերում արտահայտել»,- ընդգծեց Արդարադատության նախարարը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն