Հրաժարվել եմ ներկայանալ ՀՔԾ․ չեմ մասնակցելու ներկայիս իշխանությունների կողմից ուղղորդվող քաղաքական շոուների․ Նարեկ Սամսոնյան


Հրաժարվել եմ ներկայանալ ՀՔԾ․ չեմ մասնակցելու ներկայիս իշխանությունների կողմից ուղղորդվող քաղաքական շոուների․ Նարեկ Սամսոնյան

  • 30-01-2020 15:24:11   | Հայաստան  |  Հասարակություն

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հրաժարվել եմ ներկայանալ ՀՔԾ
 
Ինչպես և տեղեկացրել էի, ՀՔԾ կողմից հրավիրվել էի գրառումներիս մասով «բացատրություն» տալու: ՀՔԾ քննիչի կողմից առավոտյան զանգ ստացա և հեռախոսի մյուս կողմից Լեռնիկ անունով քննիչը ինձ հրավիրում էր ՀՔԾ` բացատրություն տալու` առանց գրառման, կամ նախապատրաստվող նյութերի մասին բավարար տեղեկատվություն տրամադրելու: Պահանջեցի, որ քննիչն ինձ գրավոր ծանուցում ուղարկի և պարտադիր նշի, թե ինչ գրառման մասով են բացատրություն ակնկալում ինձանից: Ցավոք սրտի, ծանուցագրի մեջ ևս ՀՔԾ-ի կողմից բավարար տեղեկատվություն չկար` բացի բացատրություն տալու «ԱՌԱՋԱՐԿԻՑ»:
 
Իրավապաշտպանների և փաստաբանների հետ խորհրդակցելով որոշել եմ օգտվել իմ իրավունքից և չընդունել ՀՔԾ կողմից բացատրություն տալու առաջարկը: Որոշմանս վրա կարևոր ազդեցություն է ունեցել այն, որ իմ խորին համոզմամբ` ՀՔԾ ներկայիս ղեկավարությունը որևէ աղերս չունի իրավաբանության և իրավական գործընթացների հետ: Ավելին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայիս ամենաքաղաքականացված պաշտոնյան է, որի նկատմամբ իմ ունեցած կարծիքը հայտնել եմ բազմիցս: Կարծում եմ, որ իրավական պետության պայմաններում Սասուն Խաչատրյանը պետք է լինի ոչ թե ՀՔԾ պետի պաշտոնում, այլ բանտախցում, և հուսով եմ` այդ օրը սարերի հետևում չէ:
 
Հ.Գ. Վերջին շրջանում բազմիցս հայտնել եմ, որ ես իմ իրավունքների շրջանակներում հրաժարվելու եմ համագործակցել ակնհայտ քաղաքական գործիքի վերածված ՀՀ իրավապահ մարմինների հետ: Ներկայումս ևս հաստատում եմ իմ այս դիրքորոշումը և հայտնում եմ, որ քանի դեռ իմ կարգավիճակը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ինձ չի պարտադրում ներկայանալ նախաքննական որևէ մարմնի, ես օգտագործելու եմ իմ իրավունքը և չեմ մասնակցելու ներկայիս իշխանությունների կողմից ուղղորդվող քաղաքական շոուների:
 
Հարգանքով` Ն. Սամսոնյան
Նոյյան տապան  -   Հասարակություն