Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի


Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի

  • 01-02-2020 16:45:54   | Վրաստան  |  Հասարակություն

2020 թվականի փետրվարի 1-ին, աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի առաջնորդությամբ և դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ, այցելեցին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:
 
Հյուրերին իր նստավայրում ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Կայացած զրույցի ընթացքում Հայր Սուրբը հյուրերին պատմեց թեմի գործունեության, պատմա-մշակութային կոթողների պահպանության, վիրահայությանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբելու մասին, կարևորեց ազգային մշակույթի զարգացմանը, մայրենիի տարածմանը ուղղված թեմի ծավալած աշխատանքները:
 
20200201Գլխավոր հանձնակատարը և հյուրերը շրջայց կատարեցին 13-րդ դարի պատմական կոթող Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, իրենց հիացմունքն արտահայտեցին եկեղեցու գեղեցկության, Հովնաթանյանների տաղանդավոր ձեռքով կատարված անկրկնելի որմնանկարների կապակցությամբ: Հինավուրց և զորավոր տաճարում մոմեր վառելուց և աղոթք բարձրացնելուց հետո, հյուրերը ուղղվեցին դեպի թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
 
Այստեղ նրանց դիմավորեցին կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և կենտրոնի աշխատակիցները: «Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը հյուրերին ներկայացրեց Ամենայն հայոց բանաստեղծի անունը կրող կենտրոնի առօրյան, որը դարձել է մայր հայրենիքից և այլ երկրներից ժամանած հյուրերի այցելության գլխավոր տեղը, նաև խոսեց կենտրոնի գործունեության նպատակների և ուղղությունների մասին: Կենտրոնի ղեկավարը գլխավոր հանձնակատար Սինանյանին ներկայացրեց Թումանյանի 150-ամյակին նվիրված այն միջոցառումները, որոնք իրականացվել և արձանագրվել են տան պատմության էջերին, ցուցադրեց հրատարակված գրքերը, կտոր-կտոր հավաքված և սուրբ մասունք դարձած Ամենայն հայոց բանաստեղծի հետ կապված իրերը և նվերները:
 
20200201Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեության և ընտանիքի մասին ներկաներին պատմեց կենտրոնի աշխատակցուհի Գոհար Մազմանյանը:
 
ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գրություն կատարեց կենտրոնի տպավորությունների գրքում:
 
Հյուրերը մասնակցեցին ժողովրդական մեծ բանաստեղծի տանն ընդունված թեյախմության ավանդույթին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն