Նոր նշանակումներ Գրանթ Թորնթոն Հայաստանի ղեկավար պաշտոններում
03-02-2020 13:46:18 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գրանթ Թորնթոն Հայաստանը 2020 թվականը սկսում է կառավարման համակարգի ու կազմակերպչական կառուցվածքի փոփոխություններով, որոնք կոչված են ապահովելու ընկերության զարգացման նոր ռազմավարության ու համարձակ տեսլականի իրականացումը:
Այսպիսով, 2020 թ. հունվարին Գրանթ Թորնթոն Հայաստանը* ձեւավորել է միասնական Կառավարման խորհուրդ, որի նախագահ է ընտրվել Գագիկ Գյուլբուդաղյանը: «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն է նշանակվել Արմեն Հովհաննիսյանը, իսկ «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ եւ «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ տնօրենների պաշտոնում համապատասխանաբար վերանշանակվել են Գուրգեն Հակոբյանն ու Հակոբ Թադեւոսյանը:
Գագիկ Գյուլբուդաղյանը Գրանթ Թորնթոնի հայաստանյան անդամ ընկերությունում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ավելի քան 20 տարի շարունակ, իսկ այժմ հանդիսանում է նաեւ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Կառավարման խորհրդի անդամ:
«Վերջին տարիները մեր ընկերության համար եղել են կայուն աճի ու, որն ավելի կարեւոր է, որակական զարգացման ու նոր հորիզոնների նվաճման շրջան: Մենք շարունակաբար ներդրումներ ենք անում ծառայությունների նոր տեսակների մշակման, մեր թիմի մասնագիտական ներուժի հարստացման մեջ, աշխատում նոր երկրներում ու շուկաներում: Այս ամենն, անշուշտ, ոգեւորիչ է, բայց եւ պահանջում է կառավարման նոր համակարգ, որը հնարավորություն կտա մեզ կյանքի կոչել մեր առավել համարձակ նախագծերը: Գրանթ Թորնթոն Հայաստանը մի հետաքրքիր փուլ է թեւակոխում, եւ ես վստահ եմ, որ Արմեն Հովհաննիսյանի ղեկավարության ներքո աուդիտորական ծառայություններ մատուցող մեր ընկերությունը նորանոր ձեռքբերումներ կունենա», մեկնաբանում է Գագիկ Գյուլբուդաղյանը:
Արմեն Հովհաննիսյանը ֆինանսական կազմակերպությունների աուդիտի եւ հաշվապահական հաշվառման ոլորտի առաջատար մասնագետներից է, ով 2001 թ-ից ղեկավարել է Գրանթ Թորնթոն Հայաստանի համապատասխան բաժինն՝ զբաղեցնելով նաեւ ֆինանսական տնօրենի պաշտոնը:
«Իմ մասնագիտական ուղու զգալի հատվածն անցել եմ Գրանթ Թորնթոնի հետ՝ մասնակիցը լինելով Հայաստանում «աուդիտ» հասկացության ներդրմանը, ոլորտի զարգացմանն ու կայացմանը, եւ այս գործընթացը դեռ ընթանում է: Այսօր էլ մենք ականատեսն ենք օրենսդրական նոր կարգավորումների. աուդիտորական ծառայությունների շուկան շարունակում է փոփոխվել: Հետաքրքիր նախաձեռնություններ ենք նախատեսել, որոնց մասին շուտով կխոսենք: Ցանկանում եմ շեշտադրել, որ ոգեւորիչ զարգացումների հետ մեկտեղ մենք մշտապես հավատարիմ ենք մեր մոտեցմանը. լավագույն փորձառությունն ապահովել մեր հաճախորդի համար՝ հիմնվելով անկախության, վստահության ու որակի սկզբունքների վրա», նշում է Արմեն Հովհաննիսյանը:
* «Գրանթ Թորնթոն Հայաստանը» աուդիտորական, խորհրդատվական, հարկային եւ իրավաբանական ծառայություններ մատուցող 3 ընկերությունների միասնությունն է: Աուդիտորական ծառայությունները մատուցվում են «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ, խորհրդատվական ծառայությունները՝ «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ եւ հարկային, իրավաբանական ու հաշվապահական ծառայությունները՝ «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ կողմից: