Հարութ Սասունյան. 18 տարին չլրացած աղջիկներին բռնաբարող և նրանց հետ ամուսնացող տղամարդկանց կարող են ներում շնորհել Թուրքիայում


Հարութ Սասունյան. 18 տարին չլրացած աղջիկներին բռնաբարող և նրանց հետ ամուսնացող տղամարդկանց կարող են ներում շնորհել Թուրքիայում

  • 04-02-2020 10:22:32   | ԱՄՆ  |  Վերլուծություն



Անցյալ շաբաթ բրիտանական «Ինդեփենդենթ» թերթը հրապարակեց անհավատալի մի հոդված՝ «Ամուսնացիր քեզ բռնաբարողի հետ» օրինագիծը օրենսդիրների կողմից կներկայացվի Թուրքիայում» վերնագրով։
 
Կարծես միջնադարից հնչող թեմա լինի։ Եթե Թուրքիայի խորհրդարանը հաստատի այն, սպասվող օրենքը «թույլ կտա տղամարդկանց, որոնք մեղադրվում են 18 տարին չլրացած աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, խուսափել պատժից, եթե նրանք ամուսնանան իրենց զոհերի հետ», հայտնում է «Ինդեփենդենթը»։
Թուրք կանանց իրավունքների պաշտպանները զայրացած են, որ նման ամոթալի օրինագիծը կարող է օրենք դառնալ «արդի» Թուրքիայում: Քննադատները պնդում են, որ նախատեսված օրենքը «ոչ միայն օրինականացնում է երեխաների ամուսնությունը և բռնաբարությունները, այլև ճանապարհ է հարթում երեխաների նկատմամբ բռնությունների և սեռական շահագործման համար», գրում է «Ինդեփենդենթը»։ Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդի դեմոկրատական  կուսակցությունը» (HDP) դեմ է այս օրինագծին։
 
«Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները նախազգուշացրել են, որ օրինագիծը լայն հնարավորություններ կստեղծի երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ զոհերին խոցելի կդարձնի՝ լրացուցիչ բռնության և տառապանքների ենթարկվելու համար իրենց վրա հարձակվողներից», տեղեկացնում է «Ինդեփենդենթը»։
 
2016 թ․ ներկայացված նմանօրինակ մի օրինագիծ մերժվել էր Թուրքիայի խորհրդարանի կողմից՝ ամբողջ աշխարհի կանանց իրավունքների պաշտպանների քննադատությունները ստանալուց հետո։ Այդ օրենքը ներում կշնորհեր միայն այն տղամարդկանց, որոնք երիտասարդ աղջիկների հետ սեռական հարաբերություն են ունեցել «առանց ուժի կամ սպառնալիքի»:
 
Փոքրաթիվ երկրներում ընդունվել է նմանօրինակ օրենք՝ «ընտանիքի պատիվը» պաշտպանելու և ապահովելու նպատակով։ Այնուամենայնիվ, մի շարք այլ երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Հորդանանը, Լիբանանը, Մարոկկոն, Թունիսը և Պաղեստինը, որոնք ունեին նման առարկելի օրենքներ, վերջին տարիներին դրանք չեղյալ են հայտարարել։
 
«Ինդեփենդենթը» մեջբերել է կանանց իրավունքների պաշտպան Սուադ Աբու-Դայայի խոսքերը՝ «ցնցող» է, որ քաղաքական գործիչները փորձում են ընդունել մի օրինագիծ, որն «անպատժելիություն է ապահովում երեխաների սեռական շահագործման համար մեղավորներին»: Նա ասել է «Ինդեփենդենթ»-ին․ «Ես ողջունում եմ կանանց իրավունքների պաշտպանների խիզախ աշխատանքը Թուրքիայում, որոնք դուրս են գալիս այս խտրական օրինագծի դեմ և հանդես են գալիս ընդդեմ հետադիմական ուժերի, որոնք ձգտում են հանել ներկայիս իրավական պաշտպանությունը աղջիկների համար: Նմանատիպ «ամուսնացիր քեզ բռնաբարողի հետ» իրավական դրույթներ եղել են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների օրենսգրքերում: Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Մարոկկոյում, Թունիսում և Պաղեստինում կանանց իրավունքների պաշտպանների և օրենսդիրների կողմից տարիներ շարունակ տարվող քարոզարշավների շնորհիվ վերջին տարիներին բոլորն էլ հեռացրել են այդ սողանցքները: Կանանց իրավունքներին ու պաշտպանությանը վնաս հասցնող օրենսդրություն մտցնելու փոխարեն, թուրք օրենսդիրները պետք է հաշվի առնեն այդ առաջընթացները գենդերային խտրական օրենքները վերացնելու հարցում»:
 
Թեև Թուրքիայում ամուսնության օրինական տարիքը 18-ն է, թուրքական Daily News-ը մեջբերել է Թուրքիայի խորհրդարանում «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) անդամ Թեքին Բինգոլի ասածը․ «վերջին տասը տարիներին ընդհանուր թվով 482 908 անչափահաս կին է ամուսնացել։ Թուրքիայում կանանց 26 տոկոսն ամուսնացել է մինչև 18 տարին լրանալը: Նրանց տասը տոկոսը ծննդաբերել է մինչև 18 տարեկանը, իսկ վերջին վեց տարիներին 142 298 անչափահաս մայր է գրանցվել: Այդ երեխաների մեծ մասն ամուսնացել է կրոնական արարողությամբ։ 2002 թվականից անչափահաս աղջիկները ծնել են ընդհանուր առմամբ 440 000 երեխա։ Մինչև 15 տարեկան կանանց թիվը, որոնք ծննդաբերել են սեռական բռնության ենթարկվելուց հետո, կազմել է 15 937»:
 
 «Ինդեփենդենթը» հայտնել է, որ «Բռնությունը կանանց ու աղջիկների նկատմամբ տարածված է Թուրքիայում. համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ թուրք կանանց 38 տոկոսը զուգընկերոջ կողմից ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության: «Մենք կկանգնեցնենք ֆեմիցիդը» անվանումը կրող քարոզչական խմբի հաշվարկներով՝ 409 կին է սպանվել զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից 2017-ին, որը կտրուկ աճել է չորս տարի առաջ եղած 237 ցուցանիշի համեմատությամբ։ 
Այդ ընթացքում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կանանց իրավունքները պաշտպանելու փոխարեն, հանդես է եկել կանանց դերը թերագնահատող հայտարարություններով․․․ 2014-ին կայացած մի հանդիպման ժամանակ Էրդողանը ներկաներին ասել է. «Դուք չեք կարող հավասարության նշան դնել կանանց և տղամարդկանց միջև: Դա հակասում է բնությանը»: 2016-ին Էրդողանը նաև կանանց հորդորել է առնվազն երեք երեխա ունենալ և պնդել է, որ կնոջ կյանքը «թերի» է, եթե նա չի վերարտադրվում: «Կինը, որն ասում է՝ «քանի որ ես աշխատում եմ, մայր չեմ դառնալու», իրականում հերքում է իր կանացիությունը», ասել է Էրդողանը։ Մայրությունը մերժող կինը, որը հեռու է մնում տանից, որքան էլ հաջողակ լինի իր աշխատանքային կյանքում, թերի է»։
 
Հուսով եմ, որ անչափահաս աղջիկներին բռնաբարելուց  հետո նրանց հետ ամուսնացող տղամարդկանց ներում շնորհող օրենքը կմերժվի։ Քանի որ Թուրքիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կապված է նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ (AKP), նախագահը կարող է հեշտությամբ կանգնեցնել այս օրինագծի ներկայացումը խորհրդարանում։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե նա ինչ կանի, քանզի նա բազմաթիվ դիրքորոշումներ է որդեգրել ներքին և արտաքին հարցերում, որոնք հակասում են Թուրքիայի և թուրք ժողովրդի շահերին: Ինչպես ականատես ենք եղել բազմաթիվ առիթներով, Էրդողանը նախընտրում է սիրաշահել իր արմատական հետևորդներին, քան ճիշտ վարվել․․․
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն