Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ախալցխայում


Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ախալցխայում

  • 05-02-2020 13:20:39   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Զարեհ Սինանյանը մեկնել է Ախալցխա և հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն: Հանձնակատարն իր խոսքում նշեց, որ այսպիսի այցերը կարևոր են ոչ միայն հայ համայնքների հետ հանդիպումների և խնդիրների բարձրաձայնման առումով, այլև նմանօրինակ հանդիպումների և ծանոթությունների տեսանկյունից: Ընդգծվեց այն հանգամանքը, որ հայ և վրացի ժողովուրդները կողք կողքի բնակվում են համերաշխության և եղբայրության սկզբունքներով՝ նպաստելով նաև երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Վրացի պաշտոնյաները ներկայացրին Ջավախքում իրականացվող բարեփոխումները՝ սկսած կրթական մակարդակի բարձրացումից մինչև ճանապարհների կառուցում և ենթակառուցվածքների արդիականացում:
 
Անդրադարձ կատարվեց տեղի հայության առօրյային, զարգացման ծրագրերին և այլ թեմաների: Պատրաստակամություն հնչեց համագործակցել ծավալել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:  
 
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը այցելեց թիվ 3-րդ հայկական դպրոց և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: 
Օրվա երկրորդ կեսին Զարեհ Սինանյանը հանդիպեց Ախալցխայի հայության  հետ: Հանդիպումն ընթացավ անմիջական մթնոլորտում, ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող բոլոր հարցերը: Դրանց գերակշիռ մասը վերաբերում էին կրթական ոլորտին՝ սկսած դասագրքերի քանակի, որակի ու բովանդակային խնդիրներից մինչև ուսուցիչների վերապատրաստում, նրանց որակավորման տարակարգի շնորհման դժվարություններ, նոր կադրերի պատրաստում, այլ հայագիտական առարկաների դասավանդման խոչընդոտներ և այլն: Ներկաները կարևորեցին նաև Վրաստանին սահամանամերձ հայկական մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարները: Շոշափվեցին սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներին առնչվող հարցեր: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ վրացի գործընկերների հետ ունեցած պաշտոնական հանդիպումների ընթացքում այս թեմաների մեծ մասին անդրադարձ կատարվել է, ձեռք են բերվել որոշ նախնական համաձայնություններ, համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում: 
 
Հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելեց Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն։ Ավելի նեղ շրջանակով դարձյալ հանդիպում տեղի ունեցավ հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:
 
Օրվա ավարտին հանձնակատարն այցելեց Ծուղրութ գյուղ և շրջայց կատարեց։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play