ԱԱԾ-ն հայտնում է պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին


ԱԱԾ-ն հայտնում է պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին

  • 12-02-2020 17:13:21   | Հայաստան  |  Իրավունք



Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին է 
 
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքի մասին։
 
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գեղարքունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը, փորձաքննություններ կատարելիս ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով, նույն հանձնաժողովի անդամների և բուժվիճակագրի հետ նախնական համաձայնությամբ, գործակալություն դիմած քաղաքացիների օգտին որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու, խումբը փոխելու համար, վերջիններիցս պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ դրանցից մասնաբաժին տալով հանցավոր համաձայնության եկած հանձնաժողովի անդամներին:
 
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձինք ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հերթական անգամ կաշառք ստանալիս բռնվել են: Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, որից հետո հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում պաշտոնատար անձ հանդիսացող հանձնաժողովի նախագահը և նրա հանցակիցները խոստովանել են կատարած հանցագործությունը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ խմբի կողմից կատարած այլ հանցադեպերը, հանցավոր շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play