Մեծ Բրիտանիայի Վարքաբանական փորձարկումների թիմն իր փորձով է կիսվում Հայաստանի հանրային ծառայողների հետ


Մեծ Բրիտանիայի Վարքաբանական փորձարկումների թիմն իր փորձով է կիսվում Հայաստանի հանրային ծառայողների հետ

  • 12-02-2020 17:50:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կարողությունների զարգացման եռօրյա աշխատարանի ընթացքում հանրային ծառայողները կծանոթանան վարքաբանական միջամտությունների առանձնահատկություններին և կզարգացնեն իրենց կարողությունները
 
Վեց ամիս առաջ մեկնարկեց «Կրթությունից՝ աշխատանք» (Edu2Work) նախագիծը, որի նպատակն է փաստերի վրա հիմնված քաղաքականության օգնությամբ միավորել կրթությունն ու աշխատանքը, ինչպես նաև անհատներին աջակցել ավելի տեղեկացված որոշումներ կայացնելու և ավելի պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելուն։  Այսօր ծրագրի շրջանակում մեկնարկեց «Կիրառական վարքաբանության ակադեմիա» (“Behavioural Insights Applied Live Academy”) աշխատարանը։
 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը և Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի Մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը ։
 
Աշխատարանն անցկացնում է վարքաբանական միջամտությունների ոլորտում հայտնի «Վարքաբանական հետազոտությունների թիմը» (Behavioral insights team- BIT)։ BIT-ը մշակում և իրականացնում է վարքաբանական միջամտություններ, որոնք բարելավում են հանրային ծառայություններն ու նպաստում փաստահենք քաղաքականության ձևավորմանը։ Նախկինում Մեծ Բրիտանիայի կառավարության կազմում գտնվող փոքր թիմն այժմ սոցիալական ուղղվածությամբ կազմակերպություն է, որն աշխարհի տարբեր ծայրերում ունի գրասենյակներ։ Այս պահի դրությամբ թիմն իրականացրել է ավելի քան 500 վարքաբանական միջամտություններ, որոնք հաճախ փոքր կամ գրեթե ֆինանսական ներդրում չպահանջելով կարողացել են փոխել մարդկանց վարքագիծն ու կրճատել բյուջեի ծախսերը։ Օրինակ՝ փորձարկումներից մեկի ժամանակ թիմը կարողացել է նամակների օգնությամբ խրախուսել տուգանքների վճարումը և դատական ծառայությունների համար տարեկան 30 միլիոն փաունդ է խնայել։ 
 
Հոգեբանության, սոցիոլոգիայի, նեյրոգիտության և մի շարք ոլորտների խառնուրդ հանդիսացող վարքաբանությունը թույլ է տալիս քաղաքականություն մշակելիս հաշվի առնել մարդկանց զգացմունքները, մշակութային համատեքստը և որոշումներ կայացնելու գործընթացը: Վարքաբանությունը Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից կիրառվող մեթոդներից մեկն է։ Թիմն արդեն ունի մեկ հաջողված վարքաբանական միջամտության փորձ առողջապահության ոլորտում և ներակայումս իրականացնում է մի քանի փորձարկում բնապահպանության և հարկային ոլորտներում։ 
 
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում ԿԶՆ կենտրոնը աշխատում է աշխատաշուկայի վերաբերյալ առցանց հարթակի ստեղծման վրա: Հարթակի օգնությամբ աշխատաշուկայի ազդակները հաղորդակցելու լավագույն տարբերակը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ աշակերտների ու ուսանողների մոտ առկա վարքաբանական խոչընդոտներն ու ազդակները հատկապես երկու անցումային փուլերի համար`
 
(1) Դպրոցից համալսարան անցում
(2) Համալսարանից աշխատաշուկա անցում
 
BIT-ը համագործակցում է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ՝ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում այս երկու մարտահրավերների համար վարքաբանական միջամտություն մշակելու համար։ BIT-ն և ԿԶՆ կենտրոնը 2019թ․ դեկտեմբերին իրականացրել են դաշտային հետազոտություն, որի ընթացքում նախնական հանդիպումներ են տեղի ունեցել ծրագրի հիմնական շահառուների և շահագրգիռ կողմերի հետ։ 
 
Աշխատարանի ընթացքում հանրային ծառայողները և «Աշխատի՛ր Հայաստան» ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչները կծանոթանան դաշտային հետազոտությունների նախնական արդյունքներին և BIT-ի մեթոդաբանությամբ կմշակեն համալսարանից աշխատաշուկա անցումային շրջանի համար վարքաբանական միջամտություններ:
 
Ինչպես նշում է ԿԶՆ կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը. «Մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք Կառավարությունում նորարարական հանրային քաղաքականությունը տարածելու վրա` տարբեր քաղաքականություններ փորձարկելու և արդյունավետությունը գնահատելու համար հանրային ծառայողներին անհրաժեշտ գործիքներ և վերլուծական շրջանակ  տրամադրելով»։
 
 Աշխատարանի ավարտին միջամտությունները կներկայացվեն ժյուրիին և հաղթող փորձարկման գաղափարը  կիրականացվի «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում` BIT-ի հետ համագործակցությամբ: 
 
 «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը իրականացվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի և Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play