Նոր նախագիծ. փոփոխել «ԱԺ կանոնակարգը», որ ՍԴ դատավորի հրաժարականի դեպքում նրա տեղը երկար ժամանակ թափուր չմնա


Նոր նախագիծ. փոփոխել «ԱԺ կանոնակարգը», որ ՍԴ դատավորի հրաժարականի դեպքում նրա տեղը երկար ժամանակ թափուր չմնա

  • 13-02-2020 15:58:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նոր նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին:
 
Նախագիծը վերաբերում է ՍԴ դատավորների ընտրության կարգին: Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է դատավորի հրաժարականի դեպքում նոր դատավոր նշանակելու գործընթացը չձգձգել: Նախագիծը ուղարկվել է ԱԺ նախագահին՝ շրջանառության մեջ դնելու առաջարկով:
 
Այն բաղկացած է ընդամենը երկու հոդվածից:
 
 
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 141-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «հերթական» բառը:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 
 
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը:
 
Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միեւնույն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս:
 
«Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում: Այսպիսով, դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձեւական կարգավորումներով պայմանավորված»,- ասվում է հիմնավորման մեջ:
 
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նաեւ հանրաքվե է նախաձեռնել՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը