ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը

14-02-2020 10:40:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:
 


 
Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և “Ազգային ժողովի կանոնակարգ” սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:
 
Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի
լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև  պետականությունը քանդելու հերթական քայլն է:
 
Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:
 
Մենք,  արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին,  հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին  որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:
 
Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 335 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար