ժողովրդավարությունը բերելու է տարածաշրջանում կոնֆլիկտների հաղթահարմանը. Նիկոլ Փաշինյան


ժողովրդավարությունը բերելու է տարածաշրջանում կոնֆլիկտների հաղթահարմանը. Նիկոլ Փաշինյան

  • 14-02-2020 11:35:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը պետք է պահպանվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում կայացած հանդիպմանը։
 
«Այն բացառիկ բանակցային ձևաչափ է, որտեղ առկա է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը։ Այդ համագործակցության շնորհիվ է, որ 25 և ավելի տարի տարածաշրջանում պահպանվում է հարաբերական կայունություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ հարցին։
 
Ինչ վերաբերում է ԵՄ-ի գործոնին, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական կառույցները կարող են ակտիվ աշխատել ղարաբաղյան գործընկերների հետ։
 
«Ինձ համար տարօրինակ է, որ ԵՄ-ն, լինելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ջատագովը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համագործակցության ձևաչափ չունեն Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Ասվում է, թե Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խնդիրներ կան։ Ես ասում եմ, ենթադրենք Ղարաբաղի կարգավիճակը հստակ չէ, բայց կա՞ որևէ կասկած Ղարաբաղում ապրող մարդկանց կարգավիճակի վերաբերյալ։ Որևէ մեկն ասում է, որ Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքի պաշտպանության և զարգացման հարցը չի՞ տեղավորվում մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Ես կարծում եմ, որ ԵՄ երկրները կարող են աջակցել այս պրոցեսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը ղարաբաղյան հարցի կարգավորման կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ավելին, ժողովրդավարությունն է, որ բերելու է տարածաշրջանում կոնֆլիկտների հաղթահարմանը։
 
Հանդիպմանը ներկա Բեռլինում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց այն մասին, թե ինքը ե՞րբ կկարողանա վերադառնալ իր հայրական տուն, որի հնարավորությունն այսօր չունի։
«Գիտեք, կա Շահումյանի շրջան, որտեղ մինչև 1990 թվականն ապրել են հայեր։ Այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների։ Այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, ստատուս քվոն որ ունենք, ընդամենը մի բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել և ցանկանում է պաշտպանել իր ապրելու իրավունքը։ Ոչ թե ուզեցել է կամ ուզում է ինչ-ր մեկին վատություն անել, տնից զրկել, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Նա անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա։
 
«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում։
 
Հայաստանն այնտեղ է, որտեղ եղել է։ Մենք շարունակում ենք մնալ մեր տեղում»,-հավելեց վարչապետը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը