Դատարանը քննում է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
14-02-2020 14:22:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նախորդ նիստին, հիշեցնենք, Սանասարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Միջնորդության հիմքում պաշտպանները դրել էին այն հանգամանքը, որ գործով նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական էական խախտումներով եւ ոչ այն մարմնում, որում ենթակա էր իրականացման: Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով միջնորդության քննությունը հետաձգվել էր:
Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը ամբողջությամբ միացավ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությանը՝ պնդելով, որ այս քրեական գործով նախաքննությունը պետք է իրականացներ ոչ թե ԱԱԾ-ն, այլ ՀՔԾ-ն:
Այս պահին միջնորդության դեմ առարկում է մեղադրող դատախազը:
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է եւս 3 անձ՝ ՊՎԾ պաշտոնյաներ Սամվել Ադյանը, Գեւորգ Խաչատրյանը, ինչպես նաւ՝ «Զորաշեն» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը: