Ռուստամ Բադասյան. «Բարեվարքության ստուգումը կնպաստի պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը»

14-02-2020 15:50:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորում» թեմայով քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, Հանձնաժողովի անդամներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: 
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին՝ միջոցառմանը հրավիրելու համար և կարևորել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ  նախատեսված ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումը, որոնք
իրենց հետագա գործունեությամբ կոռուպցիայի դեմ պայքարը որակական նոր մակարդակի կհասցնեն: 
 
Նախարարի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չհաջողելը հիմնականում պայմանավորված է եղել նաև բավարար մասնագիտական պատրաստվածություն և  միջազգային գործող մեխանիզմների մասին բավարար գիտելիքներ չունենալով, և թերագնահատվել է կոռուպցիայի կանխարգելման գործառույթի իրականացումը՝ մշտապես կարևորելով հանցագործությունների քննությունը: «Այս թյուրընկալումը վերացնելու առաքելությունն այսօր ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և կարծում եմ՝ իրենց գործունեությամբ կհիմնավորեն հակառակը»,- նշել է Ռուստամ Բադասյանը: 
 
Նախարարը կրթական և իրազեկման միջոցառումներին զուգահեռ՝ Հանձնաժողովի գործառույթներից կարևորել է հայտարարագրերի վերլուծությունն ու բարեվարքության ստուգումը և ընդգծել, որ այն հաջողությամբ իրականացնելու դեպքում հանրության վստահությունը կբարձրանա ոչ միայն Հանձնաժողովի, այլև բարեվարքության ստուգումն անցած աշխատակիցներով գործող մարմինների նկատմամբ: 
 
Այդ առումով նախարար Բադասյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ ամենօրյա ռեժիմով աջակցելու Հանձնաժողովի արդյունավետ գործունեության ապահովմանը:
 
 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար