Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կմասնակցեն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը

14-02-2020 18:40:24   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է համաժողովի պաշտոնական կայքում:
 


Քննարկումը տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը:
 
Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների
և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, նախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիները: Արդյոք Եվրամիության երկրներն ավելի սերտ են համագործակցում պաշտպանության ոլորտում, արդյոք աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության սպառնալիքների առաջ. այս և այլ հարցեր կլինեն Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող ղեկավարների քննարկման առանցքում:
 
Եռօրյա համաժողովը հյուրընկալելու է 500-ից ավելի պատվիրակի: Նախատեսված է ավելի քան 40 երկրներից նախագահների, վարչապետների, արտաքին
գործերի և պաշտպանության նախարարների մասնակցություն: Այս տարվա համաժողովում Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
 
Մասնակիցների թվում կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: ԱՄՆ-ից սպասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը։ Նախատեսվում են Ռուսաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարների ելույթները:
 
Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 2019 թվականին Մյունխենի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս տարի ևս նա ներկա կլինի համաժողովի բացմանը։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 413 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար