«Մեր միակ խնդիրն է՝ Ղազախստանն այնպիսի սահմանափակումներ չդնի, որ մեր՝ արտոնությամբ բերված մեքենաները չներմուծեն»


«Մեր միակ խնդիրն է՝ Ղազախստանն այնպիսի սահմանափակումներ չդնի, որ մեր՝ արտոնությամբ բերված մեքենաները չներմուծեն»

  • 14-02-2020 19:05:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանից Ղազախստան արտահանված ավտոմեքենաների հետ կապված Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին այսօր ասուլիսում խոսեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Նա նշեց, որ Ղազախստանը որոշակի դժգոհություն է հայտնել, որ սոցիալական հարց լուծելու համար Հայաստանին տրված արտոնությունն օգտագործվել է բիզնես նպատակով: Հայաստանի և Ղազախստանի որոշ քաղաքացիներ փորձել են ավտոմեքենաները արտոնությամբ ներմուծել Ղազախստան՝ շահավետ վերավաճառելու նպատակով:
 
Ներսիսյանի խոսքով՝ Ղազախստանն արդեն որոշ սահմանափակումներ է ներդրել որոշ մեքենաների համար: «Մեր միակ խնդիրն այն է, որ գուցե Ղազախստանն այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ղազախստանի պաշտոնյաների հետ հանդիպումներ են ունեցել:
 
Հայաստանից Ղազախստան մեքենաները տարվել են հայկական գրանցումով: Այնտեղ դրանք վաճառվելու համար այստեղի գրանցումից պիտի դուրս բերվեն: Արդյո՞ք մեր քաղաքացիները պատասխանատու են այս իրավիճակում: Հարցին ի պատասխան Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ նման պատասխանատվության մասին խոսք չի կարող լինել. իրենք վաճառել են, նրանք էլ հարմար են գտել և գնել: «Ղազախստանի քաղաքացիները «նա սվոյ ստրախ ի րիսկ» են արել: Նրանք պիտի վերադառնան Հայաստան, և եթե գույքահարկի պարտավորություններ են ձևավորվել, այդ պարտավորությունը կատարելուց հետո նոր ավտոմեքենաներն այստեղ հաշվառումից կհանեն, որ կարողանան վաճառել»,- ասաց Ներսիսյանը:
 
Հիշեցենք, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր պահանջներով ՀՀ կառավարության դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում ավտոներկրողները: Ժամանակ առ ժամանակ կառավարությունն ինչ-ինչ արտոնություններ էր տրամադրում նրանց՝ օգնելով Հայաստան ներկրել ավտոմեքենաներ Ղազախստանի և Ռուսաստանի բնակիչներին վերավաճառելու նպատակով: ԵԱՏՄ երկրներից շահավետ էր Հայաստանից գնել եվրոպական արտադրության ավտոմեքենաներ, քանի որ Հայաստանի համար ի թիվս այլ ապրանքների՝ հետաձգված էր նաև ավտոմեքենաների մաքսատուրքի սահմանումն՝ ըստ ԵԱՏՄ-ի դրույքաչափի, եվրոպական, ամերիկյան մեքենաների համար այն զգալի ցածր էր:
 
Հունվարից ավարտվել է արտոնյալ պայմանների ժամկետը: Եվ օրերս այդ վերավաճառված ավտոմեքենաների հետ կապված բողոքի ակցիաներ են եղել Ղազախստանում. այնտեղ պարզվել է, որ այդ մեքենաների գույքահարկը վճարված չէ, և դա փոքր գումար չէ: Որոշ դեպքերում դրա վճարումից հետո ավտոմեքենայի գինը կարող է ոչ միայն շահավետ չլինել, այլև միջին շուկայականից ավելի բարձր դառնալ:
 
ՀԺ  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը