ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն արձագանքել է դասախոսի՝ կաշառք ստանալու մասին ԱԱԾ հաղորդագրությանը


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն արձագանքել է դասախոսի՝ կաշառք ստանալու մասին ԱԱԾ հաղորդագրությանը

  • 14-02-2020 19:15:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն այսօր արհերթ նիստ է հրավիրել, որից հետո տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով նույն օրը Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութին, ըստ որի՝ ԵՊՀ մի դասախոս տարբեր անձանցից 1 000-8 000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ աջակցելու համար բուհ ընդունվելու, միջանկյալ քննություններին դրական գնահատակ ստանալու եւ այսօրինակ այլ հարցերում: 
 
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել և հետևողական պայքար է մղել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ։ Մեր խորին համոզմամբ, ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության մեջ առկա է շահարկման ենթատեքստ, որն ուղղակի եւ անթույլատրելի վնաս է հասցնում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բարձր հեղինակությանը՝ ստվերելով ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի եւ ուսանողության բարի համբավը»,- մասնավորապես նշվում է  հայտարարության մեջ:
 
Դրանում նաեւ ասվում է. «Հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին առերևույթ հանցակազմ պարունակող տեղեկատվություն տարածելիս ցուցաբերել առավելագույն իրավական կոռեկտություն և որոշակիություն՝ անմեղության կանխավարկածը երաշխավորելու և անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով»: 
 
Մինչ այս էլ հայտարարություն էր տարածել նաեւ Մայր բուհը, որտեղ նշվում է, որ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։
 
Նկատենք, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ դասախոսը բերման է ենթարկվել հունվարի 31-ին. «ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը»:
 
Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ այս գործով ձերբակալված անձ չկա: Ասել է թե՝ բերման ենթարկված դասախոսը դրանից երեք ժամ անց պետք է ազատ արձակված լինի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play