Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատարի հետ

15-02-2020 12:55:49   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի հետ:
 


Շնորհավորելով պարոն Սկինասին ԵՄ նոր մանդատի ստանձնման կապակցությամբ` նախարար Մնացականյանը նրան մաղթեց նորանոր հաջողություններ Եվրոպական մայրացամաքի համար կարևորագույն խնդիրների՝ միգրացիայի կառավարման և երիտասարդությանն աջակցության  պատասխանատու առաքելությունում: 
 
Կողմերն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների հագեցած օրակարգին ու բարձր գնահատեցին գործընկերության առկա մակարդակը: Նախարար
Մնացականյանը շեշտեց ԵՄ Հանձնաժողովի ու Արտաքին գործողության եվրոպական ծառայության հետ առավել սերտորեն համագործակցության պատրաստակամությունը:
 
Միգրացիայի ու ազատ տեղաշարժի խնդիրների շուրջ քննարկման համատեքստում ԵՄ հանձնակատարն օրինակելի համարեց Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերով հանձնառությունների իրականացման հարցում Հայաստանի համագործակցությունը։ 
 
Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ նշելով, որ գործընթացի ազատականացումը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման համար։ 
 
Մարդկանց միջև շփումների ակտիվացման և աշխուժացման համատեքստում զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին երիտասարդության աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը:
 
 ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 522 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար