Հայաստանն իր տեղում է և հանգիստ, զուսպ քայլերով զարգացնում է բոլոր այն օրակարգերը, որոնք ի սկզբանե նախանշվել են որպես առաջնահերթություններ. Կարպիս Փաշոյան

17-02-2020 13:29:34   | Հայաստան  |  Հասարակություն
Լրագրող, վերլուծաբան Կարպիս Փաշոյանն անդրադառնալով օրերս կայացած Փաշինյան-Ալիև մյունխենյան  հանդիպմանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 


«Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատի հետ կապված խնդիրները չափազանց շատ են։ Ընդհանրապես հենց ֆորմատն էլ ինքնին խնդրահարույց էր, բայց անկախ ամեն ինչից և հանուն արդարության պետք է փաստենք, որ Հայաստանի վարչապետը կարողացավ տեղ հասցնել բոլոր այն ազդակները, որոնք խմորվում են մեր ինտելեկտուալ շրջանակներում։ Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Փաշինյանը կարո՞ղ էր ավելի հաստատուն և փաստարկված հանդես գալ։ Պատասխանը միանշանակ է․ իհարկե կարող էր, բայց հանգամանքները թույլ չտվեցին։
 
Նախ սկսենք նրանից, որ Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ դիսկուրսն ի սկզբանե տապալվեց՝ փոխակերպվելով տարերային փոխհրաձգության։ Սա իհարկե իջեցրեց քննարկման որակը, իսկ պատմական փաստերի տարերային և ձևախեղված վկայակոչումներն արդեն իսկ ցածր որակի քննարկումը էլ ավելի իջեցրեցին՝ հասցնելով տաքսու վարորդների բանավեճի մակարդակի։
 
Ի պատիվ Փաշինյանի պետք է փաստենք, որ վարչապետը փորձեց սաստել նախագահի այդ ձեռնարկը՝ շեշտը դնելով այժմեական առավել հրատապ խնդիրների վրա։ Բայց փորձն այդ դատապարտված էր ձախողման, քանի որ, ինչպես նշեցի դիսկուրսի հավանականությունն ի սկզբանե ձախողված էր և Ալիևը հենց դրա համար էլ մասնակցում էր այդ շոուին։
 
Նշենք նաև, որ այդ դեբատը որևէ քաղաքական նշանակություն և հետևանք չի կարող ունենալ։ Այն նույնիսկ չի կարող ազդել բանակցությունների ընթացքի վրա, քանի որ կողմերը դռնփակ հանդիպումների ժամանակ անշուշտ պատմական հարցեր չեն քննարկում։ 
 
Ասվածի համատեքստում նաև ավելորդ չի նշել, որ Ալիևի պատմառազմահայրենասիրական տեքստի հասցեատերը Ադրբեջանի հանրությունն էր, իսկ Փաշինյանի խոսքի
թիրախում միջազգային հանրությունն էր՝ համանախագահները, Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող փորձագետները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչները։ Այսինքն, Ալիևի վերլուծությունները կարող են տպավորել միայն հայաստանցի և ադրբեջանցի տաքսիստներին, իսկ Փաշինյանի ամբողջ խոսքը ինքնին մտահոգություն էր այն սպառնալիքի վերաբերյալ, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանային անվտանգության համակարգը։
 
Ի հակադրություն վախճանաբանական և աշխարհակործան բոլոր վերլուծությունների, պետք է փաստեմ, որ ամեն ինչ կարգին է։ Հայաստանն իր տեղում է և հանգիստ, զուսպ քայլերով զարգացնում է բոլոր այն օրակարգերը, որոնք ի սկզբանե նախանշվել են որպես առաջնահերթություններ։ Այս առումով և հատկապես մյունխենյան դեբատի հետ կապված մահասարսուռ վերլուծությունները ժամանակավրեպ են և անլուրջ։ Միայն երկու դրվագի առնչությամբ կարելի է շեշտադրումներ անել։
 
Բոլոր իրավիճակներում հրաժարվել հակամարտության պատմականացման գայթակղությունից, նույնիսկ երբ հակառակորդը համառորեն բանավեճը տեղափոխում է այդ տարածություն։ Ընդհանրապես պատմաբաններն ու պատմագիտական դիսկուրսը որպես կանոն քայքայիչ նշանակություն են ունենում քաղաքական գործընթացի առաջխաղացման համար։ 
 
Ասվածից հետևում է, որ պատմագիտությունը չի կարող և չպետք է որևէ ազդեցություն ունենա քաղաքական գործընթացի վրա։ Ի դեպ քայքայիչ ազդեցություն ունեն նաև հայաստանցի քաղաքագետների ու վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը, որոնք ինչպես անցյալում, այնպես էլ հիմա իրենց փակուղային և փսևդո գիտական եզրակացություններով մշատապես ապակողմնորոշել և վհատեցրել են հանրությանը։
Դե իհարկե, չափազանց հեշտ է նստել տաքուկ աշխատասենյակում և առանց լարվելու, սուրճի և վիքիպեդիայի օգնությամբ պատմագիտական խորհուրդներ տալ բանակցողներին,այս դեպքում կոնկրետ Փաշինյանին։
Մյուս կարևոր շեշտադրումը վերաբերվում է պետության այն ինստիտուցիոնալ պոտենցիալին, որը կուտակվել է վերջին 30 տարիների ընթացքում։ 
 
Չգիտես ինչու, վարչապետը հրաժարվում է օգտվել այդ հարուստ կենսափորձից, միգուցե դա էլ պայմանավորված է ներքաղաքական անզիջում պայքարի բարդույթներով։ Վերջին 30 տարիներին բանակցային գործընթացում արձանագրվել են և խոշոր նվաճումներ և ծանր կորուստներ։ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքը ժառանգորդն է բոլոր այդ նվաճումների և կորուստների ու անհրաժեշտության դեպքում կարող է հղում անել այն ինստիտուցիոնալ հիշողությանը, որը կուտակված է։ Այլ ոչ թե, հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ և հեգնանքով հայտարարել, թե նա որևէ նոր բան չի ասել կամ էլ Սերժ Սարգսյանի օրոք շրջանառված փաստաթուղթը ներկայացնել որպես սարգսյանական ժառանգություն։
 
Մի խոսքով, ամեն ինչ կարգին է, պետք չի կատարվածը դրամատիզացնել և ավելորդ լարումներ սանձազերծել։ Ինչ վերաբերվում է վարչապետին, ապա նա պետք է շարունակի իր որդեգրած ճանապարհը և ոչ մի րոպե հետ չկանգնի առաջ քաշված առաջնահերթություններից։ Նույնիսկ վատ անգլերենից չարժի կոմպլեքսավորվել, քանի որ համանման
երևույթներից կարող է կոմպլեքսավորվել միայն հայ գյուղական արիստոկրատիան, իսկ առաջադեմ շրջանակներում առաջնայինը արդյունավետ կոմունիկացիան է։
 
Մյունխենյան դեբատի կամ էլ բանակցությունների առնչությամբ թերևս այսքանը, բայց սրանից անդին կուզեմ մի մտքի վրա էլ կանգ առնել։ Այն ինչ խոսվում և բանակցվում է միջազգային արենայում ուղղակիորեն կապված է Հայաստանի ներքին դրության հետ։ Ասվածից ենթադրվում է, որ Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի, նույնիսկ, եթե այն անժամկետ հետաձգված է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է անհապաղ և հետևողական քայլերով կայունացնել պետության ներքին կյանքը, արագ և կառուցողական մեթոդաբանությամբ դուրս գալ հեղափոխական վայրիվերումներից և հանրահավաքային ռեժիմներից։ Ահա՛ սա է ամենակարևոր օրակարգը․ կայունացնել Հայաստանի ներքին կյանքը։
 
Վերջում միայն ուզում եմ ավելացնել, որ արտաքին մարտահրավերների պարագայում աջակցում և համերաշխություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը։ Եվ այս դիրքորոշման մեջ ես այնքան հաստատուն եմ, որքան ներքաղաքական հարցերում իշխանությանը քննադատելիս»: 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1462 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար