Փրկարարները կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա եւ 42 ուղեւորի ցուցաբերել համապատասխան օգնություն (տեսանյութ)
17-02-2020 16:02:29 | Հայաստան | Հասարակություն
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:
Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 500 մետր հատված անանցանելի է բքի պատճառով, և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ջերմուկ-Գնդեվազ ուղղությամբ առկա է կուտակված 23 և հակառակ ուղղությամբ՝ 3 ավտոմեքենա:
«ԳԱԶ-66» մակնիշի ամենագնացով (Կունգ) դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատից վեց հրշեջ-փրկարար:
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները բահով մաքրել են ավտոճանապարհը, կուտակումից դուրս բերել 26 ավտոմեքենա և 42 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն: Ավտոմեքենաները շարունակել են ճանապարհը համապատասխան ուղղություններով:
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել է երկու ձյուն մաքրող տեխնիկա (տրակտոր):