Անհրաժեշտ է Փետրվարյան ապստամբության առաքելությունը գիտակցող իշխանություն.«Սասնա Ծռեր»

18-02-2020 12:46:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբության շնորհիվ պահպանվեց հայկական պետական ինքնությունն ու քաղաքական ապագան՝ հակառակ թրքաբոլշևիկյան պլանների և նկրտումների:
 
Զանգեզուրի հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայկական պետականության կազմում և փրկվեց հայ քաղաքական ու մտավորական դասի այն հատվածը, առանց որի աշխարասփյուռ հայությունը կկորցներ իր ազգային ինքնությունն ու հարաբերական ամբողջականությունը:
 
Եթե Փետրվարյան ապստամբության և Լեռնահայաստանի հերոսամարտի ոգին ու վճռական մենակի հոգեբանությունը լինեին 1-ին Հանրապետության հիմքում, և բոլշևիկյան վարակն այդ հիմքով արմատախիլ արվեր, ապա անկախությունը չէինք կորցնի և միանգամայն ուրիշ Հայստան ու տարածաշրջան կունենայինք:
 
Այդ դեպքում այսօր՝ տարածաշրջանի վերաձևման
ներկայիս փուլում, կմտածեինք ոչ թե գոյատևելու, այլ Հայրենիքի մնացյալ մասին վերատիրանալու և տարածաշրջանային տերություն դառնալու մասին:
Ինչևէ, մեկ դար հետ ենք ընկել բնապատմական ընթացքից և դարձյալ ստիպված ենք ազգադավ ու կեղեքիչ բոլշևիկության մեղքով առաջացած գոյութենական մարտահրավերներ հաղթահարել:
Ուստի այսօր ևս կանգնած ենք բոլշևիկյան վարակն արմատախիլ անելու և իրապես անկախ ազգային պետություն կառուցելու հրամայականի առաջ:
 
Առաջնորդվելով այդ հրամայականով, Փետրվարյան ապստամբության ժառանգորդի՝ Սասնա Ծռերի 2016 թ. հուլիսի 17-ի ապստամբությունը կատարեց իր նվազաագույն առաջադրանքը՝ կանխելով մերօրյա բոլշևիկների ձեռքով Արցախը և ՀՀ անկախությունը հանձնելու դավաճանական ընթացքը:
Իսկ 2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ վերջապես տապալվեց նեոբոլշևիկյան ռեժիմը և հնարավորություն առաջացավ ազգային շահերի դիրքից իրավաքաղաքական գնահատական տալու մեր 100-ամյա անցյալին, մաքրվելու բոլշևիկյան վարակից և 1-ին Հանրապետության իրավահաջորդության ստանձնմամբ ավարտին հասցնելու Արցախի հարցի դե յուրե լուծումն ու ձեռնամուխ լինելու Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերակերտմանը:
 
Մինչդեռ համաժողովրդական ընդվզումը գլխավորած քաղաքական ուժը ցավալիորեն չի գիտակցում իր առաքելությունը, ավելին՝ մնում է որպես բոլշևիկյան մնացորդային համակարգի գերի
ու սպասարկու՝ ձախողման ռեալ վտանգի ենթարկելով ազգի և պետականության ապագան:
 
Սասնա Ծռեր համահայկական շարժումը վերահաստատում է իր համոզմունքը, որ գալիք 100-ամյա ժամանակահատվածում պատմության փոսի մեջ հայտնվելուց խուսափելու և վերելքի 100-ամյակ մտնելու համար Փետրվարյան ապստամբության հետնորդ մեր արժանապատիվ ժողովուրդը կարիք ունի իրեն արժանի առաջնորդության և համախմբման:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
 
18 փետրվարի 2020 թ., Երևան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար