Պետության կողմից դեղորայքի համաֆինանսավորումը չի դադարեցվել. պարզաբանում


Պետության կողմից դեղորայքի համաֆինանսավորումը չի դադարեցվել. պարզաբանում

  • 18-02-2020 16:38:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանյան մեդիադաշտում այսօր տեղեկություն էր շրջանառվում, թե Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող բուժումները իրականացվում են հիվանդների հաշվին։ Չնշելով դեղամիջոցի անունը՝ լրատվականներից մեկը պնդում էր, թե դեղորայքները ձեռք են բերվում  հիվանդների կողմից, մինչդեռ դրանց գնի կեսը պետք է փոխհատուցեր պետությունը։  Նյութի հեղինակը՝ հղում անելով բժիշկներին (չնշելով անուններ), հայտնում է, թե Առողջապահության նախարարությունը ոչ մի դեղ չի տրամադրում և դեղամիջոցների ձեռքբերման համար տենդեր չի հայտարարում։
 
Խնդիրը պարզելու նպատակով Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի հետ, որտեղից հայտնեցին, որ դեղորայքի գնման տենդերները հայտարարվում են ո՛չ թե Առողջապահության  նախարարության, այլ բժշկական կենտրոնների կողմից։ Նախարարությունը տրամադրում է դեղորայքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը միայն, իսկ մյուս գործընթացները կազմակերպում են իրենք։ Այս դեպքում ևս պետությունը կատարել է իր պարտավորությունը և բժշկական կենտրոնին փոխանցել է համապատասխան գումարը։
 
Ուռուցքաբանական կենտրոնում պետության կողմից ֆինանսավորվող և համաֆինանսավորվող դեղորայքներից առկա չեն հակաքաղցկեղային քիմիաթերապիայի համար նախատեսված դեղորայքները՝ 15 անուն դեղորայքից հիվանդանոցում պահուստային առկա է 6-ը՝ քիչ քանակությամբ։ Ընդ որում՝ հիշյալ դեղորայքների դիֆիցիտն առկա է ոչ միայն նշյալ բժշկական կենտրոնում, այլ ՀՀ բոլոր ԲԿ-ներում։
 
Դեղորայքի ձեռքբերման համար նոյեմբեր ամսից մինչ օրս ուռուցքաբանական կենտրոնը արդեն 3 անգամ մրցույթ հայտարարել է, վերջինը՝ փետրվարի 12-ին։ Հակաուռուցքային 15 անուն դեղամիջոցների համար հայտարարված մրցույթները  չեն կայացել՝ դիմորդների բացակայության պատճառով. որևէ դեղորայքի համար դիմորդ չի եղել։ Խնդիրը պայմանավորված է միջազգային արտադրողներով։ Դեղորայքները չեն արտադրվում և չեն ներմուծվում Հայաստան։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը