Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են


Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

  • 18-02-2020 16:54:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը դիզվառելիքի գործով նախաքննության փուլում առերեսվել են:
 
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ այս մասին դատարանում ասաց Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը՝ նշելով, որ Կարապետյանը պնդել է իր ցուցմունքը, իսկ Բեգլարյանը՝ հերքել: Թե կոնկրետ ինչ դրվագով է եղել առերեսումը, պաշտպանը չմանրամասնեց՝ նշելով, որ մամուլում հրապարակվածին ավելացնելու ոչինչ չունի:
 
Նշենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածով՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում:
 
Ի պատասխան հարցին՝ Բեգլարյանի դեմ քրեական գործում ցուցմունք կա՞, Հակոբյանը նշեց. «Դժվար է գնահատել դեմ կամ կողմ, ամեն դեպքում, կան որոշակի ցուցմունքներ, որոնց վրա հենվում է մեղադրանքի կողմը, բայց դրանից բացի, ըստ մեզ՝ նաեւ որակումն է սխալ»:
 
Հարցին՝ խոսքը Սերգո Կարապետյանի ցուցմունքի մասի՞ն է, պաշտպանը պատասխանեց. «Այո, բացառապես նրա, բայց իմ դիրքորոշումը միանշանակ է. մեղադրանքն անհիմն է, հափշտակություն, իմ համոզմամբ, գոյություն չունի, մնացածը դատարանում կներկայացնենք»:
 
Ինչ վերաբերում է Բեգլարյանին, նա չցանկացավ պատասխանել մեղադրանքի վերաբերյալ մեր հարցին՝ ասելով. «Տեղյակ չեմ, փաստաբանին հարցրեք»: Բեգլարյանը նշեց, որ մեղադրանքի վերաբերյալ ասելու ոչինչ չունի:
 
Հիշեցնենք՝ դիզվառելիքի գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը): 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը