Անկեղծ ու աներեւույթ գրոհ պետության ու բանակի դեմ

19-02-2020 10:40:53   | Հայաստան  |  Վերլուծություն
Բանակի շուրջ նյարդային մթնոլորտը բացառվում է, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ֆեյսբուքյան գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կայացվել են կարեւոր որոշումներ, այդ թվում կադրային հարցերում: Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են մի քանի հնարավոր պաշտոնանկությունների մասին: Կադրերը որոշում են շատ բան, բայց անկասկած՝ ոչ ամեն ինչ:
 


Մյուս կողմից, վարչապետի գրառումը նյարդային մթնոլորտի բացառման մասին ավելի շատ իհարկե բանակի շուրջ ծավալվող իրողության մասին էր: Իսկ այստեղ «նյարդային մթնոլորտը» հյուսվում էր բավական ինտենսիվ, ընդ որում հաճախ նույնիսկ հապճեպ: Վերջին հաշվով, նյարդային մթնոլորտի ցանցը հյուսում է ոչ միայն նենգափոխումների եւ շահարկումների «սարդը», այլ նաեւ հուսահատ եւ վախճանաբանական կոչեր ու աղմուկ գեներացնողը:
 
«Նյարդային» մթնոլորտը ամենավտանգավորն է, որովհետեւ այն բացարձակապես չի ծառայում կյանքեր փրկելուն, այլ հակառակը՝ էապես նպաստելու է դրան: Որովհետեւ նյարդային մթնոլորտում հնարավոր չէ կայացնել ռացիոնալ որոշումներ, հնարավոր չէ իրականացնել ռացիոնալ ախտորոշում, խնդրի խորքային
ու բազմակողմանի դիտարկում: Որովհետեւ կան հարցեր, որոնք պահանջում են հրատապ եւ օպերատիվ քայլեր, բայց քայլեր էլ կան, որոնք պահանջում են ժամանակ, որոնք ենթադրում են երկարաժամկետ գործընթաց:
 
Այդ իմաստով, ինչպես հաճախ ծնողն է իր ավելորդ հուզականությամբ ու հոգատարությամբ ակամա վնասում երեխային, ընդ որում հաճախ պատճառելով նաեւ վնաս ապագայի համար, այնպես էլ բանակի «ծնող» հանրությունը կարող է միանգամայն անկեղծ, բայց ավելորդ հուզականությամբ ու մտահոգությամբ վնասել բանակին:
 
Խոսքն անշուշտ մարդկային կյանքի մասին է, որի արժեքը ենթակա չէ որեւէ քննարկման: Սակայն, անկասկած է նաեւ, որ բանակի շուրջ քննարկումները հենց դրանից իսկ ելնելով չպետք է լինեն նյարդային, ուղեկցվեն հոգատարության գերդոզավորմամբ եւ վախճանաբանության ճիչով:
 
Ընդ որում, այստեղ պետությունը կարող է գործ ունենալ նաեւ սողացող մի խնդրի հետ, որը դժվար նույնականանալի է: Խոսքն այն մասին է, որ նենգափոխումներն ու շահարկումները այդ տեսանկյունից հեշտ են ենթակա նույնականացման, արձանագրման, գնահատման: Իսկ ահա խուճապահար հուզականություն առաջացնող դիտավորությունը հեշտ նույնականանալի չէ, որովհեւտեւ առերեւույթ չկա
շահարկում, չկա նենգափոխում, կա կյանքերի մասին պարզ մտահոգություն:
 
Բայց այն հաճախ արտահայտվում եւ ուղեկցվում է այնպիսի մտքերով եւ տիրաժավորումով, որ դրա հետեւանքը կարող է լինել շատ ավելի դժվար արձանագրելի ու կառավարելի, քան որեւէ նենգափոխում, շահարկում կամ ապատեղեկատվություն: Այդ տեսանկյունից շատ կարեւոր են լուծումներ, որոնք միտված կլինեն խնդիրը խորքային առումով կանխարգելելուն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 582 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար