Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզն էր


Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզն էր

  • 19-02-2020 12:25:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հանրապետության մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 18-ին Արագածոտնի  մարզպետարանում կազմակերպել են հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:
 
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
 
Ներկայացնելով ոլորտում իրականացվող պետաջակցության 12 ծրագրերը` Իռա Փանոսյանն առանձին անդրադարձ է կատարել նախարարության նոր նախաձեռնություններին, այդ թվում` ՀՀ-ում 2019-2024թթ․-ի տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերին։ 
 
«Սրանք այն ծրագրերն են, որոնք միտված են գյուղատնտեսության  ոլորտում ինտենսիվության և արտադրողականության բարձրացմանը։ Ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ հետագայում խթանելով նաև բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը: 
 
Իր խոսքում նա հավելել է, որ մարզային այցերի ընթացքում ֆերմերներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես նոր ծրագրերի հանդեպ:
 
Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության նոր ծրագրին` Իռա Փանոսյանն ընդգծել է, որ Արագածոտնի մարզի ֆերմերները կարող են ապահովագրել ծրագրում ընդգրկված բոլոր մշակաբույսերը: Նա նաև նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
 
Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանգիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը: 
 
Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրը, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողներին:
 
Իրազեկման արշավը կշարունակվի հանրապետության այլ մարզերում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play