Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը


Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը

  • 19-02-2020 14:44:32   | Վրաստան  |  Իրավունք

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը և Նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը Թբիլիսիում գործող Հանրային ծառայությունների մատուցման սրահների (Justice Houses) գործունեությանը ծանոթանալու նպատակով փետրվարի 13-ից 15-ը այցելել են Վրաստան: 
 
Այցի ընթացքում հանդիպել են Վրաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Միխեյիլ Սարջվելաձեի և բարձրաստիճան այլ պաշտոնյանների հետ,  քննարկել Վրաստանում Հանրային ծառայությունների մատուցման սրահների գործունեությանը, մասնավորապես, իրավաբանական անձանց պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում իրականացված բարեփոխումներին, այդ գործընթացում հանդիպած խոչընդոտներին ու առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
 
Փոխնախարարը վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակել արդեն իսկ ձևավորված գործընկերային և ջերմ համագործակցությունը, մասնավորապես, ջանքեր գործադրել վրացական փորձը Հայաստանում տեղայնացնելու ուղղությամբ:
 
Հիշեցնենք, որ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների մատուցման միասնական կենտրոն ստեղծելու միջոցառում և այդ հարցում էլեկտրոնային գործիքների ներդրում:
 
 ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Իրավունք