Ես տեսնում եմ միայն հայկական լուծում և պատրաստ եմ այդ հայկական լուծման համար ճիշտ օգտագործել ժամանակը. Թևան Պողոսյանը՝ Արցախի խնդրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19-02-2020 15:25:51 | Հայաստան | Քաղաքական
Ես տեսնում եմ միայն հայկական լուծում և պատրաստ եմ այդ հայկական լուծման համար ճիշտ օգտագործել ժամանակը:
«Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմային անդրադառնալիս՝ այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ Մյունխենում օրեր առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած բաց դեբատից հետո ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ հակառակորդ երկրում քաղաքական որոշում են կայացրել արցախյան խնդիրը լուծել միայն ռազմական ճանապարհով:
Թ. Պողոսյանի խոսքերով՝ Ադրբեջանը պարզապես սպասում ու հաշվարկում է, թե երբ հայկական կողմը՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունները միասին, ավելի թույլ կլինեն և կփորձի նախաձեռնել ռազմական գործողություններ:
«ՀՀ վարչապետի Մյունխենում ասածը կարևորելով, եթե մենք գիտակցում ենք, որ անվտանգությունը չենք զիջում, ապա մեր բոլոր ծրագրերի, նպատակների, կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, բյուջեների և ամեն ինչի այսպես ասենք՝ կտուրը կամ ամենավերևի գաղափարը պետք է լինի անվտանգությունը, քանի որ դա չենք զիջում: Հիմա նայում ենք անվտանգության բաղադրիչների խնդիրները և հասկանում՝ ի՞նչ ուղղությամբ մենք պետք է աշխատենք: Արդյո՞ք միայն սպառազինությունը բավարար է, ո՛չ, արդյո՞ք միայն տնտեսական նոր մոդելի զարգացումն է, ո՛չ, արդյո՞ք միայն կրթությունն է, ո՛չ, արդյո՞ք միայն ժողովրդագրությունն է, ո՛չ: Դրա հետ միասին նաև ազգային միասնականություն է, դրա հետ միասին նաև ճկուն ազգային դիվանագիտությունն է»,- ընդգծեց բանախոսը:
Նրա կարծիքով՝ հայտնի դեբատի շրջանակներում վարչապետի արտահայտած մտքերը ոչ թե հասարակությանը պետք է բաժանեին դրանք քննադատողների և գովերգողների, ճիշտ ու սխալ որոշողների, այլ սովորեինք ամեն ինչ մեկնաբանել հայկական տեսակետից ու դա առաջ տանել:
Թ. Պողոսյանը գտնում է, որ մյունխենյան հարթակը լավագույն տեղն էր ընդամենը մեկ ամսից Արցախի հանրապետությունում նախատեսված Ազգային ժողովի ընտրությունների մասին խոսելու համար. «Կարելի էր պարզապես այդ մի գաղափարը ասել և նրանից հետո նույնիսկ չանդրադառնալ շատ հարցերի: Պետք է ասվեր՝ բոլորիդ հրավիրում եմ, եկեք դիտորդ եղեք, տեսեք ձեր աչքով զարգացած, կայացած Արցախի հանրապետություն քաղաքական, միջազգային միավորն աշխարհի քարտեզի վրա և նրանից հետո ինքներդ որոշեք»:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավարը համոզված է՝ Եվրոպան ունի իր շահերը, հետևաբար եվրոպական երկրները հաճախ գնում են շահերի փոփոխության, երբ կայացած երևույթ են տսնում: