Տնտեսական հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են


Տնտեսական հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են

  • 19-02-2020 17:00:18   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. համեմատությամբ 2019թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքների, այս բնույթի հանցագործությունների նախնական և դատական քննությունների ընթացքում դատախազական գործառույթների իրականացման արդյունքները:
 
Ըստ ամփոփման արդյունքների՝ ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է 931 քրեական գործ(այդ թվում 279-ը՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում), ինչը մոտ 37% ավելի է 2018թ. համեմատ:  Բացի հարուցված քրեական գործերից, վարույթ է ընդունվել 269 քրեական գործ (2018թ.-177): Վերջինս պայմանավորված է ինչպես իրավապահ մարմինների նկատմամբ հանրային շրջանակներիվստահության մակարդակի բարձրացմամբ և վերջինների հետ ակտիվ համագործակցությամբ, այնպես էլ արդյունավետ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացմամբ:
 
Ընդհանուր առմամբ 2019թ. վարությում քննվել է նշված բնույթի 1200 քրեական գործ (580-ը ՀՀ ՊԵԿ քննչական վարչության) 2018թ. 857-ի դիմաց: Այսինքն 2019թ. նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը միայն տնտեսական բնույթի գործերի առումով ավելացել է 40 տոկոսով: Այդ պայմաններում, սակայն, հաջողվել է տարվա ընթացքում ավարտել 2018թ. համեմատ 8.5%-ով ավելի քրեական գործերի քննություններ,այսինքն այդ չափով ավելի քիչ անավարտ գործեր են փոխանցվել հաջորդ տարի:
 
Վարույթն ավարտված 31 քրեական գործ՝ 39 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ընդ որում՝ 2018 թ. համեմատ (22 գործ՝ 29 անձի վերաբերյալ) հաշվետու տարվա ընթացքում դատարան ուղարկված գործերն ավելացել են 8-ով կամ 36%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 10-ով կամ 34.5%-ով:
 
Դատարաններում քննված տնտեսական բնույթի գործերից 16-ով 18 անձ դատապարտվել է, որից 14-ը՝ ազատազրկման: Ընդ որում՝ մեղադրական դատավճռով ավարտված գործերը 2018թ. համեմատ ավելի են եղել 23%-ով, իսկ դատապարտված անձինք՝ 29%-ով:
 
2019թ. ընթացքումմիայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում  ավարտված վարույթներով, տարվա ընթացքում քննվող քրեական գործերով հայտնաբեված պետությանը պատճառված վնասը կազմել է 21.1 մլրդ ՀՀ դրամ (որից միայն ՊԵԿ քննչական վարչության կողմից՝ 15.9մլրդ): Դրանից վերականգնվել է 9.5 մլրդ դրամը(որից միայն ՊԵԿ քննչական վարչության կողմից՝ 8.6մլրդ ՀՀ դրամ): Համեմատության համար նշենք, որ 2018թ. այս բնույթի հանցագործություններով  պետությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել էր 19.4 մլրդ դրամ կամ 8.8 տոկոսով պակաս, որից վերականգնվել է 8.6մլրդ ՀՀ դրամը, կամ 10.5 տոկոսով պակաս:
 
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2019թ. ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 2.6մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:
 
Բացի վերոնշյալը, քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան են ներկայացվել հայցադիմումներ՝ ընդհանուր մոտ 160 մլն ՀՀ դրամ հօգուտ պետբյուջե բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:
 
Հատկանշական է, որ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 382 գործ, ինչը 188-ով կամ 33%-ով պակաս է 2018թ. ցուցանիշներից: Նվազումը պայմանավորված է մի կողմից իրականացվող արդյունավետ քրեական քաղաքականության, տնտեսվարող սուբյեկտների համար տնեսավարման առավել բարենպաստ պայմանների ստեղծման, դրանով պայմանավորված՝ նաև հանցավոր ճանապարհով հարկերի, տուրքերի կամ այլ վճարների վճարումից խուսափելուց ձեռնպահ մնալու հանգամանքով: Դրան նպաստել են նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում վերացել են որոշ հարկատեսակներ և պարտադիր այլ վճարներ, կամ ֆիզիկական անձիք ազատվել են նախկինում հարկման ենթակա որոշակի գործարքներից: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել են հստակ չափորոշիչներ վերոնշյալ հանցատեսակով վարույթ նախաձեռնելու հիմքերի մասով, որոնց հաղթահարման դեպքում միայն նախապատրաստվել են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք