Ոչ պաշտոնական ձևակերպված «Մյունխենյան սկզբունքներ»-ով հրաժեշտ ենք տալիս անիծյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին. Արման Նավասարդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոչ պաշտոնական ձևակերպված «Մյունխենյան սկզբունքներ»-ով հրաժեշտ ենք տալիս անիծյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին. Արման Նավասարդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-02-2020 17:14:20   | Հայաստան  |  Քաղաքական



Արցախյան խնդրի շուրջ կարծես թե շտկվում են այն բացթողումները և սխալները, որոնք եղել են 30 տարվա ընթացքում: 
 
Նման կարծիք փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
 
Ըստ նրա՝ ոչ միայն դրական առաջընթաց կա Զինված ուժերի բնագավառում, այլև Արցախյան հարցին կա նոր մոտեցում, արվում են նոր հացադրումներ: 
 
Ա. Նավասարդյանի խոսքերով՝ Ալիևը Փաշինյանի հետ հայտնի մյունխենյան դեբատի ընթացքում անընդհատ բարձրաձայնելով տարածքային ամբողջականության խնդրի մասին՝ ցույց տվեց, որ չի զգում ժամանակի շունչը. «Տարածքային ամբողջականության սկզբունքը, որն արդեն գրեթե 100 տարի կախված է պետությունների գլխին, գերակայության առումով այսօր զիջում է ազգերի ինքնորոշման սկզբունքին»: 
 
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը գտնում է, որ Հայաստանի վարչապետի կողմից արված կարևորագույն շեշտադրումներից է Արցախի մասնակցության խնդիրը հիմնախնդրի կարգավորման հարցում: 
 
«Կարելի էր ավելի ճկուն լինել, ավելի օրինակներ բերել, ես հիմա չեմ ուզում շատ անդրադառնալ այդ մանրուքներին, բայց ասվեց բաներ, որոնք ըստ էության չեմ կարծում՝ մեծ նշանակություն ունեցան հաջողության համար: Սա շատ կարևոր միջոցառում էր մեզ համար, և եթե Փաշինյանը գրառել է դա նույնիսկ այնպես ոչ պաշտոնական ձևի՝ «Մյունխենյան սկզբունքներ», շատ լավ է, որովհետև մենք դրանով փաստորեն հրաժեշտ ենք տալիս այն անիծյալ սկզբունքին, որը կոչվում էր «Մադրիդյան սկզբունքներ», որը բացարձակապես ընդունելի չէ մեզ համար»,- ընդգծեց Ա. Նավասարդյանը: 
 
Վերջինիս համոզմամբ՝ հայկական դիվանագիտությունը շատ խնդիրներ ունի լուծելու, հատկապես դեպի առաջ, դեպի ապագան  նայելու առումով: 
 
«Այս միջոցառումը, որ եղավ, պետք է դիտել աշխարհաքաղաքական իրադրությունների ենթատքստում: Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն կարող կտրվել միջազգային ընտանիքից կոպիտ ասած: Իսկ տարածաշրջանում և ոչ միայն, տեղի են ունենում այնպիսի տեղաշարժեր, այնպիսի տուրբոլենտային իրավիճակ է ստեղծված, որ Ղարաբաղյան հարցի լուծումն առանց այս խնդիրների հետ համադրելու՝ պարզապես անհնար է»,- նկատեց դիվանագետը՝ հավելելով, որ Մյունխենյան համաժողովը շարունակություն է ունենալու, հետևաբար հայկական դիվանագիտությունը պետք է ավելի լավ պատրաստվի այդ կարևոր իրադարձությանը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական