Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել


Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել

  • 20-02-2020 18:19:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ` անցկացվել է նաև այգու կենդանիների կլինիկական զննում և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել: Իրականացվել է ուղտի անկման վայրում մեխանիկական մաքրում` խոտի, խնամքի պարագաների ոչնչացում այրման եղանակով, պահման վայրի և հարակից տարածքների ախտահանում, իսկ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիները ենթարկվել են տուբերկուլինիզացիայի: Արդյունքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:
 
Միաժամանակ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ: Որևէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլյոզի դեպք չի հայտնաբերվել:
 
Առաջիկա օրերին Երևանի կենդանաբանական այգին կվերսկի իր գործունեությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն