Նախկին պաշտոնյաների հետ առնչվող գծատերը դժգոհ է նվազագույն աշխատավարձի բարձրացման օրենքից


Նախկին պաշտոնյաների հետ առնչվող գծատերը դժգոհ է նվազագույն աշխատավարձի բարձրացման օրենքից

  • 21-02-2020 16:09:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրվարի 10-ին «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի՝ 10 երթուղիներ սպասարկող երթուղայինների մի շարք վարորդներ գործադուլ էին արել։ Պատճառը գործատուի կողմից օրական պլանը 1500 դրամով բարձրացնելն էր։
 
«Վերջին երկու-երեք ամսվա ընթացքում էնքան ֆինանսական բեռ ա ավելացել ընկերության վրա, որ չենք իմանում՝ որտեղից ենք հայթայթելու էդ գումարները։ Մենք դիմել ենք պատկան մարմիններին՝ նամակներով, գրություններով, բանակցություններով, զրույցներով։ Օրենքներ են մտել կիրառության մեջ, և այդ օրենքները պետք է կատարել»,- նշել էր ընկերության տնօրեն Կարեն Բեգլարյանը։
 
Մեզ հետ զրույցում Բեգլարյանը հայտնեց, որ ֆինանսական բեռի ավելացման պատճառներից մեկը նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքն է, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ Ընկերությանը, ըստ նրա, աշխատակիցներին վճարելու համար հավելյալ գումար է պետք։
 
Բացի սա, ընկերությունը դժգոհություններ ունի կապված ԱՊՊԱ-ի պայմանների՝ նախորդ տարվանից գործող փոփոխությունների, ինչպես նաև վառելիքի որակի և գնի անհամապատասխանության հետ։ 
 
ՄՈՒԱՏ ընկերությունը և փոխկապակցված անձինք
 
«Երևանի ՄՈՒԱՏ» ընկերությունը Երևանի ամենամեծ գծատերերից է, սպասարկում է ներքաղաքային միկրոավտոբուսային 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները։
 
Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա փետրվար ամսվա որոշումից տեղեկանում ենք, որ դադարեցվել է ընկերության հ49 երթուղու սպասարկման իրավունքը։
 
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերության սեփականատերերի մասին տվյալներ չկան, սակայն գործադիր մարմնի ղեկավարի 2 անուն է նշված՝ Համլետ Բեգլարյան և Սեյրան Զախարյան, որոնցից Զախարյանը որպես տնօրեն պաշտոնավարում է մինչ այժմ։ Վերջինս Երվանդ Զախարյանի ավագ եղբայրն է։ 
 
Համլետ Բեգլարյանը մեկ այլ հայտնի գործչի՝ ՀՀԿ-ական Հրանտ Բեգլարյանի եղբայրն է։ Հրանտ Բեգլարյանը եղել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը, 1998-2000 թթ․-ին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2000-2013 թթ․-ին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Հրանտ Բեգլարյանը նշել է, որ «Երևանի ՄՈՒԱՏ» ընկերության նախկին տնօրեն Համլետ Բեգլարյանն իր հարազատ եղբայրն է, որը մահացել է 2009 թ․-ին, և հիմա գործը շարունակում է որդին։ Համլետ Բեգլարյանի որդին, ըստ ընտրողների պետական ռեգիստրի, Կարեն Բեգլարյանն է։ Չնայած վերջինիս անունը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերության գործադիր մարմնի ղեկավարների շարքում նշված չէ, սակայն, ինչպես արդեն նշեցինք, փետրվարի 10-ին՝ երթուղայինների վարորդների գործադուլի օրը, նա ներկայացել էր որպես տնօրեն։
 
Ընկերությունը կապվում է նաև մեկ այլ քաղաքական գործչի՝ Էդուարդ Գաբրիելյանի անվան հետ։ Վերջինս 2003-2006 թթ․-ին պատգամավոր էր ՕԵԿ-ից։ 2000 թվականից «Երևանի միկրոավտոբուսային ՈՒԱԶ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է, «Երևանի ՈՒԱԶ» ՓԲԸ նախագահը։
 
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված են նաև այլ ընկերություններ, որոնց հիմնադիրների ցանկում նշվում են այս երեք անձանց՝ Համլետ Բեգլարյանի, Սեյրան Զախարյանի և Էդուարդ Գաբրիելյանի անունները։
 
Այդ ընկերություններն են «Միկրոավտոդետալ» ՍՊԸ-ն, «Արագ ընթացք» ՍՊԸ-ն, «Վստահելի գործընկեր» ՍՊԸ-ն։ Չնայած պետական ռեգիստրում այս ընկերությունների՝ լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության դադարեցման մասին տեղեկություն չկա, Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգում որպես այս ընկերությունների կարգավիճակ նշվում է «ժամանակավոր դադարեցված»։ Ընկերությունների գործունեության վերաբերյալ տվյալները չկան։
 
Նույն հասցեում
 
Որպես «Երևանի ՄՈՒԱՏ» ընկերության հասցե նշված է Բագրատունյաց 42-ը։ Այս հասցեն համացանցում փնտրելիս մի քանի ընկերություններ են հայտնվում, ինչպես, օրինակ, «Ավտոռեմ» ավտոնորոգման կենտրոն ՓԲԸ-ն, «Ավտոճեպընթաց» ՍՊԸ-ն, «Ֆլեշ» ՍՊԸ մասնաճյուղերից մեկը։
 
«Ավտոռեմ» ընկերությունը, համաձայն Պետեկամուտների կոմիտեի տնտեսական գործունեության դասակարգչի, զբաղվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկողությամբ։ Այս ընկերությունը ևս մամուլում կապվում է Երվանդ Զախարյանի անվան հետ, և նշվում է, որ այն պատկանում է վերջինիս ընտանիքին։
 
Ընկերությունը հիշատակվում է նաև 2018 թ․ սեպտեմբերին ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերությունների չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործի շրջանակում։
 
«Ավտոռեմ» ավտոտեխզննման կենտրոն ՓԲԸ-ն, որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարել է 22 մլն դրամ։
 
«Երևանի ՄՈՒԱՏ» ընկերության հետ նույն հասցեում գտնվող մյուս՝ «Ավտոճեպընթաց» ՍՊԸ-ն զբաղվում է միկրոավտոբուսներով ներքաղաքային փոխադրումներով, սպասարկում է միկրոավտոբուսային հ․ 3 և հ․ 42 երթուղիները։ Երևանի քաղաքապետի՝ 2019 թ․ հուլիսի 30-ի որոշմամբ դադարեցվել է այս ընկերության՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ․ 48 երթուղու սպասարկման իրավունքը։
 
«Երևանի ՄՈՒԱՏ» և «Ավտոճեպընթաց» ընկերությունները ոչ միայն նույն հասցեում են գտնվում, այլև ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մի փաստաթղթի՝ տրանսպորտի բնագավառում լիցենզիա ստացել են նույն օրը։
 
«Ավտոճեպընթաց» ընկերության երկու բաժնետերերից մեկն էլ, ըստ պետռեգիստրի տվյալների, Էդուարդ Գաբրիելյանն է՝ 60 տոկոս բաժնեմասով, որը, ինչպես նշեցինք, Համլետ Բեգլարյանի և Սեյրան Զախարյանի հետ մի շարք ընկերությունների համահիմնադիր է։
 
Քաղաքապետարանի արձագանքին սպասելով
 
Երթուղայինների վարորդների գործադուլը փետրվարի 10-ին ավարտվեց քաղաքապետարանի հայտարարությամբ, որ ՄՈՒԱՏ ընկերության հետ ձեռք է բերվել ժամանակավոր պայմանավորվածություն, երթուղայինների բնականոն աշխատանքը վերականգնվել է, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը։
 
Վարորդները համաձայնել էին ժամանակավորապես վերադառնալ աշխատանքին՝ նշելով, որ եթե 10 օրվա ընթացքում ոչինչ չփոխվի, նորից կսկսեն գործադուլը։
 
Երևանի ՄՈՒԱՏ ընկերության տնօրեն Կարեն Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած փետրվարի 20-ին լրանում է այդ ժամկետը, սակայն որևէ կոնկրետ պատասխան քաղաքապետարանից կամ կառավարությունից դեռ չեն ստացել։
 
Այսպիսով, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ առնչվող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ն, որը Երևանի ամենամեծ գծատերերից է, դժգոհ է վերջին երկու տարիներին արված փոփոխություններից։ Ընկերությունը դժգոհ է, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի բարձրացման օրենքից, ինչի հետևանքով ֆինանսական բեռի ավելացումը որոշել է բալանսավորել՝ 1500 դրամով բարձրացնելով վարորդների կողմից վճարվող օրական պլանը։
 
Մարգարիտա Ղազարյան
 
Հոդվածը պատրաստվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ «Վոչդոգ լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն